Արմինֆո.Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ակնառու օրինակ է բերել, թե ինչպես է աշխատում Հայաստանի քաղաքացիների "բարեկեցիկ և անհոգ" կյանքի կազմակերպման պետական քաղաքականությունը:
«ՀՀ սահմանադրությամբ ամրագրված մարդու հիմնական իրավունք համարվող իրավաբանական օգնության կարևորագույն բաղադրիչ փաստաբանական գործունեությունն ընդհանուր հարկման համակարգ տեղափոխելու վերաբերյալ օրինագիծը, որի արդյունքում փաստաբանական գործունեության հարկային բեռն ավելացավ մոտ 6 անգամ, ԱԺ տնտեսական հանձնաժողովն ընդունեց 1 օրվա մեջ:
Ազգային աղետ ու ողբերգություն դարձած խաղադրույքային գործունեության հարկային դրույքաչափերն ավելացնելու պատգամավորական նախագիծն ամիսներով շրջանառության մեջ ա, իսկ նույն ԱԺ տնտեսական հանձնաժողովի անդամները մարտնչում են հարցի քննարկումը ցրելու համար, թե բա «միքիչ էլ խորանանք, հապճեպ բաներ չանենք»:
Սիրելի´ հայրենակիցներ, այս օրինակի վրա դուք կարող եք հասկանալ, թե ինչպես է վարվում ձեր «բարեկեցիկ ու անհոգ» կյանքի կազմակերպման պետական քաղաքականությունը», - գրել է փաստաբանը՝ Facebook-ի իր էջում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովն առաջին ընթերցմամբ դրական եզրակացություն էր տվել "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններին: Առաջարկվող փոփոխությունների համաձայն, Հայաստանի խաղային ոլորտը կարող է ենթարկվել 10% շրջանառության հարկով հարկման ՝ ի լրումն գոյություն ունեցող հարկերի և տուրքերի։ Սարգսյանը վրդովվել էր, որ փոքր ու միջին բիզնեսի հարկումը հասցվել է 10 տոկոսի, իսկ խաղայի ոլորտը, որը լուրջ գլխացավանք է դարձել քաղաքացիների համար, շարունակում է աշխատել հարմարավետ "արտոնյալ պայմաններում"։ Նա նաեւ խոստովանել էր, որ վերջին 5 տարիների ընթացքում ընդունված օրենսդրական փոփոխությունները, որոնք ուղղված են խաղային բիզնեսի սահմանափակմանը, չեն արդարացրել սպասելիքները: Այդ իսկ պատճառով, ինչպես նշել էր Սարգսյանը, անհրաժեշտ է կրկին ավելացնել հարկային բեռը։ Իր հերթին՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հաղորդել էր, որ ներկայացված փաստաթուղթը ՀՀ կառավարությունում չի քննարկվել, հետևաբար, գործադիր մարմինը դրա վերաբերյալ որևէ դիրքորոշում չունի: Ընդ որում, նա նշել էր, որ ներկայումս կիրառվող պետական տուրքը տարածվում է նաև շահումով խաղերի խաղադրույքների վրա:
Հավելենք, որ կառավարության նախաձեռնած փոփոխությունների առնչությամբ, որոնք ընդունվել են խորհրդարանի կողմից, փաստաբանական գործունեության հարկումը ներկայիս 5 տոկոսից կդառնա ավելի քան 30 տոկոս: Բացի այդ, փոխվելու է հաշվապահական հաշվառման կարգը. եթե նախկինում այն վարվում էր շրջանառության հիման վրա, ապա այժմ անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ ծախսերը, ինչը կհանգեցնի լրացուցիչ ծախսերի:
Փաստաբանները քննադատել են իշխանությունների այս նախաձեռնությունը, նշելով, որ դա զգալիորեն կավելացնի իրենց ծառայությունների արժեքը քաղաքացիների համար և կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ բնակչության որոշակի շերտեր զրկված կլինեն փաստաբանական օգնությունից օգտվելու հնարավորությունից: