Արմինֆո. «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» և «Ընդդեմ ընտանեկան բռնության աջակցման կենտրոնների» կոալիցիաները Հայաստանի իշխանություններից պահանջում են վերադառնալ փաստաբանական ծառայությունների հարկման նախկին համակարգին:
«Հարկային օրենսգրքի արդեն ուժի մեջ մտած կարգավորումներով այս տարվա հունվարի 1-ից շրջանառության հարկ վճարող փաստաբաններն անցել են հարկման ընդհանուր համակարգ: Ըստ Փաստաբանների պալատի հաշվարկների, փաստաբանական ծառայություններ մատուցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարման ենթակա հարկը փաստացի բարձրացել է 6-8 անգամ (5 տոկոս շրջանառության հարկի փոխարեն ԱԱՀ՝ դրույքաչափը՝ 20 տոկոս և շահութահարկով, դրույքաչափը՝ 18-23 տոկոս):
Իրավապաշտպան գործունեությունը ուղղակիորեն առնչվում է քաղաքացիների արդար դատաքննության, արդարադատության մատչելիության, դատական արդյունավետ պաշտպանության իրավունքների հետ: Հետևաբար, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները, որոնք փաստաբանական անհատույց ծառայություն են մատուցում հասարակության խոցելի խմբերին, նույնպես տուժել են հիշյալ հարկային փոփոխության հետևանքով:
Մեծ շրջանառություն ունեցող փաստաբանական ընկերությունները իրավապաշտպան կազմակերպությունների հետ մեկ նժարի տակ դնելը չի բխում անձի արդար դատաքննության, արդարադատության մատչելիության, դատական արդյունավետ պաշտպանության իրավունքներից:
Իրավապաշտպան կազմակերպություններն ունեն սահմանափակ բյուջե, աջակցում են հասարակության խոցելի խմբերին, իրենց կողմից վճարում են արդեն իսկ բարձացված պետական տուրքի գումարները, ահռելի ռեսուրսներ են ծախսում պատշաճ ծառայություններ մատուցելու համար թե՛ Երևան քաղաքում, թե՛ ՀՀ մարզերում:
Կարծում ենք, որ իրավապաշտպան կազմակերպությունների կողմից մատուցված փաստաբանական ծառայությունները հավասարեցնել հաշվապահական, աուդիտորական ծառայություններին, դիտարկել որպես ձեռնարկատիրական գործունեություն սխալ է, և պետք է, առնվազն, նախատեսվեին ՀՀ հարկային օրենսգրքում բացառություններ, քանի որ պետությունը ՀՀ օրենքներով, վավերացված միջազգային նորմերով ստանձել է պարտականություն՝ ապահովելու անվճարունակ ֆիզիկական անձանց, հասարակության այլ խոցելի խմբերի պատշաճ իրավաբանական ծառայություններ ստանալու իրավունքը:
Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս ահազանգում ենք, որ հարկային այս փոփոխության հետևանքով անհամեմատ թանկանալու են փաստաբանական ծառայությունները, ինչը հանգեցնելու է հանրային պաշտպանի գրասենյակի և իրավապաշտպան կազմակերպությունների՝ առանց այդ էլ առկա ծանրաբեռնվածության շեշտակի աճին: Այս ամենն իր հերթին վտանգելու է արդարադատության մատչելիության իրավունքի իրացվելիությունը՝ հասարակության հատկապես խոցելի խմբերի համար՝ խորացնելով նաև սոցիալական անարդարությունը։
Հարկային հիշյալ կարգավորումների մշակման, քննարկման ժամանակ, չնայած փաստաբանական համայնքի և քաղաքացիական հասարակության փաստարկված դիտարկումներին ու առաջարկներին, դրանք չեն ընդունվել: Եվ օրենսդրական փոփոխություններն արդեն ուժի մեջ են: Արդեն գործողության մեջ էլ ավելի տեսանելի են խնդիրները, մասնավորապես՝ խոցելի խմբերի իրավական պաշտպանության նպատակով անհատույց տրամադրվող փաստաբանական աջակցության համար նոր բյուջեների կազմում, ֆոնդահայթայթում:
Հետևաբար, «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությոններ կատարելու մասին» 12.06.2024թ. թիվ ՀՕ-285-Ն օրենքի ընդունման արդյունքում՝
• բարդանալու է մարդկանց՝ հատկապես խոցելի խմբերի խախտված իրավունքների պաշտպանությունը՝ կապված վճարունակության հետ,
• անվաճար իրավաբանական օգնության տրամադրումը առաջացնելու է մի շարք խնդիրներ, այդ թվում հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածություն,
• իրավաբանական ծառայությունների մատուցումը դառանալու է ոչ մատչելի, անհասանելի՝ հատկապես ֆիզիական անձանց պարագայում:
Ուստի, պահանջում ենք՝
1. Վերադառնալ փաստաբանական ծառայությունների հարկման մինչ 2025թ. հունվարի 1-ը գործող համակարգին:
2. Նպաստավոր պայմաններ ստեղծել անվճար և կամավոր անհատույց իրավաբանական օգնություն տրամադրող անհատ փաստաբանների և փաստաբանական գրասենյակների գործունեության համար», - ասվում է համատեղ հայտարարությում, որի տեքստը տրամադրվել է ԱրմԻնֆո-ին։