Արմինֆո. Աշխատավարձի բարձրացման պահանջով փետրվարի 1-ից գործադուլ անող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները փետրվարի 11-ին կվերադառնան իրենց աշխատատեղերը: Այդ մասին հաղորդում է "Ազատություն" ռադիոկայանի հայկական ծառայությունը՝ վկայակոչելով գործադուլը համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանին:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում, միայն նշվում է, որ խորհրդի հաղորդմամբ՝ բանակցություններին մասնակցել է նաև ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը:
Նշենք, որ փետրվարի 1-ից ԶՊՄԿ-ի աշխատակիցների մի մասը գործադուլ էր հայտարարել և պահանջում են աշխատավարձերի 50 տոկոս բարձրացում: "ԶՊՄԿ" ՓԲԸ - ում այդ պահանջները գնահատել են անիրատեսական, իսկ գործադուլավորների գործողությունները՝ Աշխատանքային օրենսգրքի շրջանակներից դուրս: Ավելի ուշ ԿԽՄԿ-ը հայտարարել է, որ աշխատանքի վարձատրության, բժշկական ապահովագրության և աշխատանքային պայմանների բարելավման փոփոխությունները կիրականացվեն սահմանված ժամկետներում:
Ընկերությունն արդեն երրորդ տարին անընդմեջ գլխավորում է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը: Ձեռնարկությունը 2024 թվականի համար պետական գանձարան է ուղղել շուրջ 102 մլրդ դրամ (տարեկան 44% աճով), որից 2,2 մլրդ դրամը՝ մաքսատուրքեր, 30,2 մլրդ դրամը ՝ ուղղակի հարկեր (այդ թվում՝ շահութահարկ, եկամտահարկ), 2,7 մլրդ դրամը՝ անուղղակի հարկեր (այդ թվում ՝ ԱԱՀ, ակցիզային հարկ)։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջից տեղեկացրել էր, որ ԶՊՄԿ-ն որպես կառավարության շահաբաժին պետական բյուջե է փոխանցել 33 միլիարդ 249 միլիոն դրամ: "Ուշադրություն դարձրեք, սա գումարած վճարված հարկերը որպես շահույթի մասնաբաժին, որովհետև 2021 թվականից կառավարությունը ԶՊՄԿ - ի բաժնետեր է, ինչպես խոստացել էի", - նշում էր վարչապետը:
"Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ" ՓԲԸ-ն (Zangezur Copper Molybdenum Combine CJSC) (ԶՊՄԿ) Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ընկերությունն է: Կոմբինատը շահագործում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը։ Կոմբինատի հանքաքարով ապահովվածությունը կազմում է շուրջ 150 տարի։