Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 12-ի լիագումար նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել "Բյուջետային համակարգի մասին"օրենքում կատարված փոփոխություններին:
Ինչպես իր ելույթում նշել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, կառավարությունը մտադիր է երկրում իրականացվող ներդրումային ծրագրերը ներդաշնակեցնել ՀՀ պետական բյուջեի հետ: Ներկայումս ներդրումային գործընթացի կառավարումը կարգավորվում է պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում, որի համաձայն, տեղի է ունենում ներդրումային ծրագրերի և դրանց նշանակության գնահատման գործընթաց: Դրան զուգահեռ, բյուջետային գործընթացն իրականացվում է երկրի հիմնական տնտեսական օրենքի նախագծի մշակման, դրա հաստատման և կատարման հաշվետվությունների ներկայացման ընթացքում: Մինչդեռ, երկրի բյուջետային համակարգում բացակայում են այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են "հանրային ներդրումներ", "ներդրումային ծրագիր", ինչը խնդիրներ է ստեղծում եւ տարբեր մեկնաբանությունների տեղիք տալիս: Խոսքը, մասնավորապես, այն մասին է, թե ինչպես են դրանք համատեղվում բյուջետային ծրագրերի հետ։ Այս բոլոր հասկացություններն այժմ ներկայացվելու են "Բյուջետային համակարգի մասին" օրենքում՝ դրանով իսկ կապ ապահովելով երկու օրենքների միջև: Առաջարկվում է սահմանել, որ "հանրային ներդրումներ" հասկացության ներքո հաշվի կառնվեն բոլոր այն ներդրումները, որոնք գոյանում են պետական բյուջեի և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների միջոցների հաշվին, այդ թվում' ՀՀ կառավարության կողմից կնքվող վարկային և դրամաշնորհային համաձայնագրերի հաշվին' առանց ոչ ֆինանսական ակտիվների ձեռք բերման և առանց ոչ ֆինանսական ակտիվների ստեղծման, որոնք հանգեցնում են պետական բյուջեի համար լրացուցիչ ծախսերի կամ լրացուցիչ ֆինանսական պարտավորությունների առաջացման:
Հանրային ներդրումները երկրի պետական բյուջեում կներկայացվեն որպես առանձին ծրագիր կամ միջոցառում։ Այդ իսկ պատճառով կանոնակարգվում է "պետական ծրագրեր" հասկացությունը, որի իրականացման առաջնահերթությունը վերապահվելու է ՀՀ կառավարությանը ։