Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Կովկասի տարածաշրջանի տնօրեն Ռոլանդ Փրայսին: Հանդիպմանը ներկա էին նաև Ֆինանսական ծրագրերի ԵԿԱ տարածաշրջանի տնօրեն Ասադ Ալամը և ՀԲ Հայաստանի գրասենյակի ղեկավար Կառոլին Գեգինատը:
Կառավարության հաղորդագրության համաձայն, հանդիպման սկզբում երկուստեք կարևորվել է Համաշխարհային բանկի 2025-2029թթ․Երկրի գործընկերության նոր շրջանակի հաստատումը ՀԲ խորհրդի կողմից: Ընդգծվել է փաստաթղթի նշանակությունը ՀԲ հետ համագործակցության զարգացման տեսանկյունից:
Անդրադարձ է կատարվել ՀԲ հետ համագործակցությամբ հնարավոր նոր ծրագրերի ուղղություններին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հանրային կառավարման բարեփոխումների ընթացքի շուրջ՝ անդրադառնալով մասնավորապես ռազմավարական կառավարման նոր մեթոդաբանության մշակմանը և թվայնացման օրակարգի իրականացմանը:
Հիշեցնենք, որ հունվարի վերջին Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հաստատել էր Հայաստանի հետ գործընկերության նոր հնգամյա շրջանակային ծրագիրը, որի շրջանակում բանկի ներդրումների ծավալները հանրապետությունում կարող են կազմել մինչեւ 1,3 մլրդ դոլար:
Շրջանակային ծրագիրը նպատակ ունի նվազեցնել աղքատությունը և խթանել բարգավաճումը ողջ երկրում ՝ ստեղծելով ավելի լավ աշխատատեղեր, բարելավելով մարդկային կապիտալը և կայունությունը: "Հայաստանը վերջին տարիներին զգալի հաջողությունների է հասել զարգացման գործում։ Այնուամենայնիվ, ենթակառուցվածքների բացերը, ներքին և արտաքին ներդրումների ցածր մակարդակը և գործազրկության բարձր մակարդակը շարունակում են մնալ առանցքային խնդիրները՝ աճի համար: Հայաստանում կրթության և առողջապահության ոլորտներում անհավասար հասանելիությունն ու արդյունքները սահմանափակումներ են ստեղծում բնակչության աշխատունակության և արտադրողականության համար: Սոցիալական պաշտպանության համակարգը պահանջում է բարեփոխումներ՝ ճգնաժամի ընթացքում խոցելի խավերին առավել արդյունավետ բացահայտելու և աջակցելու համար: Հայաստանը խոցելի է նաեւ կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ", - ասվում էր ՀԲ հայաստանյան ներկայացուցչության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ 1992 թվականից ի վեր Համաշխարհային բանկը Հայաստանին տրամադրել է մոտ 3 մլրդ դոլար՝ ներառյալ մոտ 400 մլն դոլարի չափով ընթացիկ պորտֆելը: