Շաբաթ, 15 Փետրվարի 2025 12:48
Նաիրա Բադալյան

2025 թվականի մեկուկես ամսվա ընթացքում Հայաստանը սպառել է Էլեկտրամոբիլների տարեկան անմաքս քվոտայի շուրջ 81%-ը՝ դիստրիբյուտորական պայմանագրեր չունեցող անձանց համար

2025 թվականի մեկուկես ամսվա ընթացքում Հայաստանը սպառել է Էլեկտրամոբիլների տարեկան անմաքս քվոտայի շուրջ 81%-ը՝ դիստրիբյուտորական պայմանագրեր չունեցող անձանց համար

Արմինֆո. 2025 թվականի փետրվարի 14-ի դրությամբ անմիջականորեն ավտոարտադրողի հետ դիլերային դիստրիբյուտորական պայմանագրեր չունեցող անձանց կողմից Հայաստանի տարածք էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման մնացորդը կազմում է 933 միավոր՝  ը.տ. երկրին հատկացված ընդհանուր 5000 միավորից։

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 24.11.2023թ. N 134 որոշմամբ` ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2  ծածկագրին դասվող  էլեկտրական շարժիչով  տրանսպորտային միջոցների համար 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպելու քվոտան 2025 թվականի համար սահմանվել էր 8000 հատ տրանսպորտային միջոցի մասով, որը ՀՀ կառավարության 28.11.2024թ. N 1876-Ն որոշմամբ բաշխվել է հետևյալ կերպ.

1) 3000 հատից ոչ ավելի քանակով տրանսպորտային միջոցներ՝ մաքսատուրքի արտոնությամբ կարող են ձևակերպվել անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի (համաձայնագրի) շրջանակներում ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից:

2) 5000 հատից ոչ ավելի քանակով` 1-ին կետում չնշված ներմուծում իրականացնող սուբյեկտների (այդ թվում՝ ֆիզիկական անձանց) կողմից:

Կոմիտեն հայտնում է, որ 2025 թվականի փետրվարի 14-ը ներառյալ, մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպվել է.

1) 412 հատը կամ բաշխված քվոտայի (3000 հատ) 13.7%-ը` անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի շրջանակում ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից:

2) 4067 հատը կամ բաշխված քվոտայի (5000 հատ) 81.3%-ը` 1-ին կետում չնշված ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից:

Նշենք, որ 2023 թվականի դեկտեմբերի 28-ին Հայաստանի կառավարությունը հավանություն էր տվել որոշմանը, որում ասվում էր, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ևս երկու տարով երկարաձգել էլեկտրական տրանսպորտային միջոցների ներմուծման արտոնությունը ։ Հայաստանի համար 2024-2025 թվականներին սահմանվել էր էլեկտրական շարժիչով (ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող) 8000 տրանսպորտային միջոցների սակագնային քվոտան մեկ տարվա ընթացքում:

Եվ,  եթե նախկինում այդ մեքենաների ներմուծումը չէր գերազանցում սահմանված քվոտան, և, նույնիսկ, եղել են տարիներ, երբ ներմուծվում էր ընդամենը մի քանի տասնյակ Էլեկտրամոբիլ, ապա 2024թ. ընթացքում աննախադեպ ակտիվություն է դիտվել, ինչի առնչությամբ նույն թվականի հոկտեմբերի 10-ին կառավարությունը բաշխել է  մնացած 600 միավորը, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է 2025 թվականին առավելություն տալ նոր ավտոմեքենա ներմուծողին, որը 2 տարուց աավելի հին չէ։ Սակայն նոյեմբերի 13-ին նա խորհրդարանում հայտարարել էր նման սահմանափակումներ չկիրառելու որոշման մասին, քանի որ համարել էր, որ "պետական կառույցները սխալ են կոմունիկացրել հարցը" ։