Արմինֆո. Հունվարի 1-ից առ այսօր եկամուտների համընդհանուր հայտարարագիր լրացրած 1625 քաղաքացու վերադարձվել է 153 մլն դրամ սոցիալական վարկ: Այդ մասին փետրվարի 17-ին սոցցանցում հաղորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չհստակեցնելով, թե կոնկրետ որ հաշվետու տարվա մասին է խոսքը:
Մեկ անձի ստացած փոխհատուցման միջին չափը կազմել է 94 հազար դրամ:
Ավելի վաղ՝ փետրվարի 5-ին, խորհրդարանում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հաղորդել էր, որ 2024 թվականին ստացված եկամուտների դիմաց Հայաստանի հարկայինին արդեն հաշվետու է եղել 4 հազար 451 մարդ: Ավելի վաղ ՊԵԿ մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո-ին հաղորդել էին, որ 2024 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր պետք է ներկայացնի շուրջ 900 հազար ֆիզիկական անձ:
Հիշեցնենք, որ ֆիզիկական անձանց հնարավորություն է ընձեռվել սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալ ինչպես հայտարարատուի, այնպես էլ նրա ընտանիքի անդամների եկամտահարկից: Սոցիալական ծախսերի փոխհատուցումից կարելի է օգտվել այն դեպքերում, երբ հայտարարատուն իր կամ ընտանիքի անդամի համար բժշկական ապահովագրության փաթեթը ձեռք է բերել Հայաստանում գործող ապահովագրական ընկերությունից, կամ նա 2024 թվականի ընթացքում վճարել է ՀՀ-ում կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունում ուսման վարձը:
Բացի այդ, փետրվարի 13-ին կառավարությունը սահմանել է, որ սոցիալական ծախսեր են համարվում նաև երաժշտական, գեղարվեստի, պարի դպրոցների, դպրոցական կազմակերպությունների և կենտրոնների, մանկապատանեկան մարզական և այլ արտադպրոցական, ինչպես նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորվող ոչ ֆորմալ կրթական ծրագրերով իրականացվող ուսուցման ծախսերը, միջնակարգ ընդհանուր և հատուկ կրթական ծրագրերի շրջանակներում դասագրքերի վարձակալության ծախսերը, ինչպես նաև 2024-2025 թվականների ատամնաբուժական ծառայությունների ծախսերը: Սոցիալական բնույթի ծախսերի փոխհատուցման իրավունքը ծագում է, եթե սոցիալական բնույթի ծախսերը կատարվել են անկանխիկ, բացառությամբ դասագրքերի վարձակալության նպատակով կատարված ծախսերի, որոնց համար վճարման փաստը հաշվի չի առնվում: