Հինգշաբթի, 20 Փետրվարի 2025 14:52
Ալեքսանդր Ավանեսով

Հայկական ԱԷԿ-ը հետաքրքրված է Շվեդիայի մասնագիտացված ընկերությունների հետ հարաբերությունների զարգացմամբ

Հայկական ԱԷԿ-ը հետաքրքրված է Շվեդիայի մասնագիտացված ընկերությունների հետ հարաբերությունների զարգացմամբ

Արմինֆո. Ս/թ փետրվարի 18-ին ճանաչողական այցով Հայկական ատոմային էլեկտրակայանում էր գտնվում ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի գլխավորած պատվիրակությունը:        

 

ՀԱԷԿ-ի հաղորդագրության համաձայն, այցի շրջանակներում քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի և շվեդական ոլորտային ընկերությունների միջև համագործակցության հնարավորությունները, փորձի փոխանակման հեռանկարները, ինչպես նաև էներգետիկայի բնագավառում նորարարական տեխնոլոգիաների կիրառման հարցերը:

 

«ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ-ՀԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը ներկայացրել է կայանի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ընթացիկ գործընթացները:

 

Կողմերը քննարկել են նաև Հայաստանում նոր էներգաբլոկի կառուցման ծրագրին առնչվող հարցեր, որի շրջանակներում կարևորվել է շվեդական առաջատար տեխնոլոգիաների ներուժի կիրառումը: Ընդգծվել է, որ դիվանագիտական ու գործարար կապերի խորացումը կարող է նպաստել հայ-շվեդական համագործակցության ընդլայնմանը էներգետիկայի և ատոմային արդյունաբերության ոլորտում:

 

Կողմերը կարևորել են նմանատիպ փոխայցելությունները, համոզմունք հայտնելով, որ այս այցը կնպաստի Հայկական ԱԷԿ-ի և շվեդական ընկերությունների միջև գործակցության հետագա զարգացմանը: