
Արմինֆո. Առաջիկա 3-4 տարում Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) արդեն կկարողանա համեմատվել եվրոպական բորսաների հետ, իսկ 5-10 տարվա կտրվածքով՝ նաեւ ամերիկյանի հետ: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Dimension ներդրումային ընկերության ներդրումային փորձագետ Մարիամ Գրիգորյանը՝ լրագրողների համար սեմինարի հարթակներում, որը կազմակերպել էր միջազգային մարքեթինգային և քրաուդֆանդինգային TCF (The Crowdfunding Formula) ընկերությունը:
Նման կարծիքը նա առավելապես պայմանավորել է այն հանգամանքով, որ Վարշավայի ֆոնդային բորսան (WFB) ձեռք է բերել AMX-ը, ինչն, իր հերթին, լավ է անդրադարձել ենթակառուցվածքի և կիրառվող տեխնոլոգիաների վրա։ Փորձագետը նշել է, որ այս գործարքից հետո զարգանում է ֆոնդային բորսայի ընդհանուր համակարգը, ներդրվում է միջազգային փորձը, այդ թվում՝ մասնագետների վերապատրաստման գծով: "Այսինքն՝ նորարարական մտքերն ու գաղափարները գալիս են Հայաստան, ինչը չի կարող չուրախացնել", - ասել է նա:
Այս ամենով հանդերձ, Գրիգորյանը դժգոհել է ոլորտի մասնագետների պակասից և հանրության ֆինանսական գրագիտության ցածր մակարդակից։ "Որքան էլ Կենտրոնական բանկը փորձի այդ բացը լրացնել տարբեր նախաձեռնությունների միջոցով, ֆինանսական գրագիտությունը Հայաստանում շատ ցածր մակարդակի վրա է։ Բավական մեծ ժամանակ է պետք այդ բացը լրացնելու և մտածելակերպը փոխելու համար։ Այդ ամենը թույլ կտա զարգացնել կապիտալի շուկան եւ վերաիմաստավորել ներդրումների կարեւորությունը", - ընդգծել Է Dimension ներդրումային մասնագետը։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու այնքան էլ ակտիվ չէ Հայաստանի կորպորատիվ արժեթղթերի շուկան, Գրիգորյանը նշել է, որ, մի կողմից, հիմնական խոչընդոտները սահմանված չափանիշներն են. ընկերությունները պետք է հաջողությամբ անցնեն աուդիտ, Հայաստանում գործեն առնվազն 3 տարի, եւ ամեն տարի՝ շահույթով: Մյուս կողմից, նա նշել է ստվերային տնտեսության փաստը, այդ առնչությամբ նշելով, որ ոչ բոլոր ընկերություններն են ցանկանում թափանցիկ լինել։ "Նույնիսկ, եթե նրանք թաքցնելու բան չունեն, նրանք չեն ցանկանում, որպեսզի իրենց ֆինանսական ցուցանիշները հասանելի լինեն իրենց մրցակիցներին: Իսկ պարտատոմսերը նախատեսում են թափանցիկություն", - նշել է ներդրումային մասնագետը։
Նա հաղորդել է, որ այսօրվա դրությամբ Հայաստանի ֆոնդային բորսայում կա 31 հաշվետու թողարկող, 200 ցուցակված արժեթղթեր: "Դա վատ ցուցանիշ չէ, բայց կարող է ավելի լավ լինել հետագա տարիներին", - կարծում է Գրիգորյանը:
Նշենք, որ Dimension Investments-ը հիմնադրվել է 2018 թվականին և տրամադրում է ծառայություններ արժեթղթերի ոլորտում, խորհրդատվություն կապիտալի շուկաների, ներդրումների կառավարման վերաբերյալ և այլն: Ընկերությունը Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ է 2019 թվականի հունիսից և Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի արտոնագրված հաշիվների օպերատոր:
TCF-ը միջազգային մարքեթինգային և քրաուդֆանդինգային ընկերություն է, որը գրասենյակներ ունի Հայաստանում, ԱՄՆ-ում և Չինաստանում: Ըստ Forbes վարկածի՝ TCF-ն աշխարհի քրաուդֆանդինգային հարթակների առաջատար եռյակում է: