Երկուշաբթի, 24 Փետրվարի 2025 14:15
Նաիրա Բադալյան

Հայաստանում Mobile ID կարող են ստանալ նաև օտարերկրյա քաղաքացիները. նախագիծ

Հայաստանում Mobile ID կարող են ստանալ նաև օտարերկրյա քաղաքացիները. նախագիծ

Արմինֆո.Ռեզիդենտի քարտ կամ Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող տեղեկանք ունեցող անձանց համար Հայաստանի ՆԳՆ-ն իրավական նախադրյալներ է ստեղծում ՀՀ-ում նույնականացում անցնելու և Mobile ID ստանալու համար, որը թույլ կտա ստանալ պետական էլեկտրոնային ծառայությունների հասանելիություն:

 

Ինչպես ասվում է որոշման նախագծում, որը զետեղված է իրավական ակտերի e-draft.am միասնական էլեկտրոնային պորտալում, գործող իրավական նորմերի համաձայն, միայն նույնականացման քարտ ստացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրավունք ունեն դիմելու և ստանալու Mobile ID: Միաժամանակ, պետական էլեկտրոնային ծառայությունների ընդլայնմամբ պայմանավորված, հնարավորություն է ստեղծվել նշված ծառայությունները հասանելի դարձնել Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակվող օտարերկրացիների համար:

 

Համաձայն գործող օրենսդրական նորմերի՝ օտարերկրացին կարող է դիմել ռեզիդենտի կարգավիճակ ստանալու համար և կացության կարգավիճակ ստանալ ինչպես անձամբ, այնպես էլ լիազորված անձի միջոցով: Հայաստանի Հանրապետությունում օրինական գտնվող և բնակվող օտարերկրյա քաղաքացին իրավունք ունի նաև լիազորված անձի միջոցով ստանալ հանրային ծառայությունների համարանիշ:

 

Միևնույն ժամանակ, պետական էլեկտրոնային ծառայությունների մատուցումը հնարավոր է միայն նույնականացման խիստ միջոցների կիրառմամբ, ուստի օրինագծում օտարերկրացիների համար սահմանված են համապատասխան կանոններ, մասնավորապես, նրանք կարող են դիմել և ստանալ Mobile ID-ն՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից օտարերկրացիների հաշվառման համակարգում նույնականացման մասին համապատասխան նշում կատարելուց հետո, որի համար օտարերկրացին պետք է նախապես ներկայանա ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն:

 

Վերոգրյալի համատեքստում, իրավական միատեսակ կիրառումն ապահովելու նպատակով, նախագծով նախատեսվում է, որ նշված դրույթը տարածվում է նաև այն օտարերկրացիների վրա, ովքեր մինչև սույն կանոնների ուժի մեջ մտնելը ունեցել են ռեզիդենտի կարգավիճակ և այն հաստատող համապատասխան վավեր փաստաթուղթ, ինչպես նաև բնակության օրինականությունը հաստատող վավեր վկայական: