Արմինֆո.ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել ԱԶԲ-ի հետ բազմաոլորտ համագործակցությունը, բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը։
ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ժամանակ քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։
Մասնավորապես անդրադարձ է կատարվել Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրին, Հյուսիս-հարավ ծրագրի Տրանշ 4-ի Սիսիան - Քաջարան հատվածի շինարարությանը։ Քննարկվել են նաև ջրային ոլորտին վերաբերող հարցեր։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված վարկային համաձայնագրի շրջանակում 2015 թվականին Տարածքային զարգացման հիմնադրամը Հայաստանում ձեռնամուխ է եղել դպրոցների սեյսմիկ անվտանգության բարձրացման ծրագրի իրականացմանը: Նշվել է, որ ծրագրի ընդհանուր բյուջեից ԱԶԲ-ի վարկը կազմում է 88.5 մլն դոլար, իսկ կառավարության համաֆինանսավորումը ՝ 18.5 մլն դոլար: 2024 թվականին ԱԶԲ-ի ծրագրի շարունակման համար տրամադրվել է 3 մլն դոլար դրամաշնորհ: Ծրագրի շահառու են դարձել 46 հայկական դպրոցներ, որոնցից 14-ը մայրաքաղաքային են և, համապատասխանաբար, 32-ը գտնվում են մարզերում:
Սույն թվականի հունվարի 16-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԱԶԲ - ի հետ "Հյուսիս-Հարավ" ավտոմայրուղու կառուցման վարկային համաձայնագրի նախագծին, որը Սիսիան-Քաջարան հատվածի երրորդ, եզրափակիչ վարկն է: 236 մլն եվրո ծավալի վարկով կկառուցվի Սիսիան-Քաջարան ճանապարհի մի մասը (27.1 կմ): Այդ հատվածում նախատեսվում է կառուցել 16 կամուրջ և 3 թունել։ Արդյունքում՝ իրանական սահմանից Երևան մեկնելու ժամանակը կկրճատվի մեկուկես ժամով։ Ճանապարհը նախատեսվում է կահավորել Էլեկտրամոբիլների լիցքավորման կայաններով։
Ավելի վաղ ՀՀ կառավարությունը Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար ևս երեք վարկային համաձայնագիր էր ստորագրել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և Եվրասիական զարգացման բանկի հետ: Այսպիսով, Սիսիան-Քաջարան ճանապարհի համար 708 մլն եվրոյի չափով ֆինանսավորումն ամբողջությամբ ներգրավվել է։
Հիշեցնենք, որ "Հյուսիս-Հարավ" տրանսպորտային միջանցքի նախագիծը անկախ Հայաստանի պատմության ամենամասշտաբային նախագծերից մեկն է ։ Այս ճանապարհը իրանական-վրացական սահման հեռավորությունը կկրճատի 550 կմ-ից մինչև 490 կմ, ինչը կարագացնի անցումը Հայաստանով և երկրի համար նոր հնարավորություններ կստեղծի իրանական ապրանքները Սև ծով տարանցելու համար: