
Արմինֆո.ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն առաջարկում է կանոնների կիրառումից բացառություններ սահմանել ավտոմեքենաների վարձակալության և լիզինգի համար ձեռք բերված ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրով դասակարգված տրանսպորտային միջոցների նկատմամբ: "Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին" օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Ազգային ժողովի նշված հանձնաժողովի փետրվարի 26-ի հերթական նիստում:
Թունյանը հիշեցրել է, որ ժամանակին ՀՕ-ում փոփոխություններ են կատարվել, որոնք սահմանափակել են ավտոմեքենաների առևտրով զբաղվող անձանց ԱԱՀ-ի վերադարձ ստանալու օրենսդրական հնարավորությունը: Սակայն սահմանափակումները ազդել են նաև նրանց վրա, ովքեր անմիջականորեն զբաղված չեն եղել ավտոմեքենաների առևտրով։ Խոսքը լիզինգային ընկերությունների և նրանց մասին է, ովքեր վարձակալության են տալիս մեքենան։
Հարցը քննարկվել է Ֆինանսների նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի գործընկերների հետ, և եկել են այն եզրակացության, որ դրանց մասով պետք է հրաժարվել սահմանափակումներից:
Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվող փոփոխությունների ընդունման արդյունքում կբարելավվեն տրանսպորտային միջոցների վարձակալության և լիզինգի հարկման պայմանները:
Նախագիծը ստացել է տնտեսական հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությունը: Ընդունման դեպքում փաստաթուղթն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Նշենք, որ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագիրը թեթև մարդատար և այլ շարժիչային փոխադրամիջոցներ են, որոնք նախատեսված են, գլխավորապես, մարդկանց տեղափոխելու համար՝ ներառյալ բեռնաուղևորատար վագոն-ավտոմոբիլները և մրցարշավային ավտոմոբիլները: