Չորեքշաբթի, 26 Փետրվարի 2025 15:33
Նաիրա Բադալյան

Հայաստանը ներդնում է փոխարկելի փոխառությունը՝ որպես ներդրումների ներգրավման մեխանիզմ

Հայաստանը ներդնում է փոխարկելի փոխառությունը՝ որպես ներդրումների ներգրավման մեխանիզմ

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, "Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին" և "Բաժնետիրական ընկերությունների մասին" օրենքներում, որոնք սահմանում են փոխարկելի փոխառության պայմանագիր հասկացությունը և դրա կիրառման հիմնական պայմանները' հաշվի առնելով աշխարհում և ՀՀ-ում ձևավորված գործարար հարաբերությունները: Այդ մասին փետրվարի 26-ին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է գերատեսչության ղեկավար Գեւորգ Պապոյանը ՝ ներկայացնելով օրինագիծը ։

 

Նշվել է, որ փոխարկելի պարտավորագիր (Convertible Note) պայմանագրերը հանդիսանում են միջազգայնորեն տարածում ստացած ներդրումային գործիք, որի միջոցով իրականացվում է ընկերությունների ֆինանսավորումը:

 

«Օտարերկրյա եւ տեղական ներդրումային ու վենչուրային ֆոնդերի, բիզնես-հրեշտակների, մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունների հետ քննարկումներում վերջիններս կարեւորել են Հայաստանում փոխարկելի փոխառության գործիքի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը»,- ընդգծել է նախարարը եւ հավելել, որ փոխարկելի պարտքի միջոցով ներդրումները սովորաբար կատարվում են ստարտափերում եւ զարգացման սկզբնական փուլերում գտնվող ընկերություններում:

 

Զեկուցողի խոսքով այդ մեխանիզմով ներդրումը հնարավորություն է ընձեռում ներդրողներին եւ ներդրումներ փնտրող ընկերություններին հավասարակշռել ռիսկերը եւ  առավել փոխշահավետ համաձայնությունների գալ: Մասնավորապես, նման ֆինանսական ներդրումներ կատարելիս ներդրողները հաճախ ցանկանում են հետագայում` ընկերության ֆինանսական վիճակի բարելավման դեպքում, այդ ներդրումը վերածել բաժնեմասի եւ ոչ թե ստանալ փոխառության գումարի վերադարձ` դրամի տեսքով: Միաժամանակ ընկերության մասնակիցները/բաժնետերերը չեն ցանկանում նախնական փուլում կառավարման հնարավորությունից հրաժարվել` ներդրողին բաժնեմաս/բաժնետոմս տրամադրելով:

 

«Նման մոտեցումը հաճախ շահավետ է նաեւ ընկերությունների համար, որոնք կարող են համեմատաբար ավելի լավ պայմաններով (ցածր տոկոս, երկար ժամկետ եւ այլն) ներգրավել ներդրումներ ներկա կամ հնարավոր ապագա մասնակիցներից` խոստանալով ավելի լավ տնտեսական ցուցանիշներ ապահովել, որի դեպքում էլ տեղի կունենա պարտքի փոխարկումը բաժնեմասի»,- նշել է Գեւորգ Պապոյանը:

 

Ըստ նրա` չնայած փոխարկելի փոխառության գործիքի` միջազգային լայն տարածմանը` Հայաստանում դրա կիրառության համար առկա են օրենսդրական խոչընդոտներ, ինչպես նաեւ առկա չեն գործիքի կիրառման համար անհրաժեշտ կառուցակարգեր:

 

Նախարարը հավաստիացրել է, որ նախաձեռնությունն ուղղված է վերոնշյալ խնդիրների լուծմանը, փոխարկելի փոխառության պայմանագրի համապարփակ կարգավորմանը եւ այլն:

 

Սահմանվում է, որ փոխառության պայմանագրով, որի համաձայն` փոխառու է հանդիսանում բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվության ընկերությունը, կարող է նախատեսվել, որ փոխառության գումարի կամ դրա մի մասի վերադարձի կամ տոկոսների կամ դրա մի մասի վճարման պարտավորության փոխարեն փոխառության պայմանագրով սահմանված դեպքերում, կարգով եւ պայմաններում փոխառուն պարտավոր է փոխատուի օգտին տեղաբաշխել համապատասխան պայմանագրով սահմանված կարգով որոշված քանակի, տեսակի եւ դասի բաժնետոմսեր կամ տրամադրել բաժնեմասեր:

 

Նախաձեռնությամբ կարգավորվում են նաեւ փոխարկելի փոխառությունն արտարժույթով տրամադրելու դեպքում փոխարկման առանձնահատկությունները:

 

«Ակնկալվում է, որ նախաձեռնության ընդունմամբ կստեղծվեն Հայաստանում գործող ընկերություններում` հատկապես տեղեկատվական տեխնլոգիաների ոլորտի ընկերություններում ներդրումներ կատարելու համար լրացուցիչ գործիքներ: Այդ գործիքների իրավական կարգավորումը կնպաստի ներդրումների եւ ներդրողի ներգրավմանը, փոխարկելի փոխառության պայմանագրի կողմերի միջեւ ծագող հարաբերությունների հստակ կարգավորմանը, իրավահարաբերությունների կայունությանն ու կանխատեսելիությանը` բարձրացնելով ընկերությունների ներդրումային գրավչությունը»,- նման դիրքորոշում է հայտնել նախարարը:

 

Օրենսդրական նախաձեռնությունը ստացել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի  դրական եզրակացությունը: