Հինգշաբթի, 27 Փետրվարի 2025 12:49
Նաիրա Բադալյան

Մեր կողմից դրված նպատակն իրագործվել է. Նախարարների կաբինետը հավանություն է տվել ՀՀ կառավարության 2024 թվականի ծրագրի իրականացման արդյունքների մասին զեկույցին

Մեր կողմից դրված նպատակն իրագործվել է. Նախարարների կաբինետը հավանություն է տվել ՀՀ կառավարության 2024 թվականի ծրագրի իրականացման արդյունքների մասին զեկույցին

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «ՀՀ Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» որոշում: Կառավարության հաղորդագրության համաձայն, ըստ այդմ, գործադիրը հավանություն է տվել զեկույցին` համաձայն հավելվածի: Այն կներկայացնի ՀՀ Ազգային ժողով:

 

Ինչպես նշել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Կառավարությունը յուրաքանչյուր տարի մինչև մարտի 1-ը Ազգային ժողով է ներկայացնում իր ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույց: Նշվել է, որ զեկույցը մշակվել է բոլոր շահագրգիռ մարմինների մասնակցությամբ: Այն ներառում է Կառավարության ծրագրի կատարման վերաբերյալ արդյունքային և թվային ցուցանիշներ, որոնք ներկայացված են հետևյալ բաժիններով՝ Նախաբան, Արտաքին քաղաքականություն, Պաշտպանություն, Տնտեսություն, Ենթակառուցվածքների զարգացում, Մարդկային կապիտալի զարգացում, Իրավունք և արդարադատություն, Ինստիտուցիոնալ զարգացում:

 

«Զեկույցում ներառված են նաև 2024 թվականի՝ Հայաստանի սոցիալ-տնտեսական պատկերը նկարագրող ցուցանիշները, ինչպես նաև միջազգային հեղինակավոր մի շարք վարկանիշներում Հայաստանի առաջընթացի վերաբերյալ տվյալները, որոնք ևս ի ցույց են դնում Կառավարության նախաձեռնած բարեփոխումների բովանդակությունն ու արդյունքները», -ասել է փոխվարչապետը:

 

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն ավանդաբար մանրամասն քննարկվում է ԱԺ-ում: Վարչապետն անդրադարձել է Վիճակագրական կոմիտեի վերջին հրապարակումներին՝ 2024 թվականի սոցիալ-տնտեսական արդյունքների մասին վիճակագրությանը, որի համաձայն՝ ՀՀ-ում արձանագրվել է ՀՆԱ-ի 5,9 տոկոս իրական աճ: Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ 2021-ի խորհրդարանական ընտրություններին սահմանված նպատակադրումը միջինում 7 տոկոս տնտեսական աճ ապահովելն է եղել. «2021 թվականին ապահովվել է 5,8 տոկոս տնտեսական աճ, 2022-ին՝ 12,6 տոկոս, 2023-ին՝ 8,3 տոկոս, հետևաբար, մեր նպատակային ցուցանիշը՝ տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճը, ապահովված է»:

Հաջորդիվ վարչապետը ներկայացրել է աշխատատեղերի 2024 թվականի ցուցանիշը և հիշեցրել, որ այս թվաբանության մեջ ներառվում են աշխատավարձով ապահովված աշխատատեղերը: «2024 թվականի արդյունքներով Հայաստանում այդպիսի աշխատատեղերի թվաքանակը կազմել է 760 555, որը 2018 թվականի հունվարի ցուցանիշից ավելի է 203 875-ով կամ 36.6 տոկոսով: Այսինքն՝ 2018 թվականից ի վեր Հայաստանում ստեղծվել է ավելի քան 203 հազար աշխատատեղ, որը, կարծում եմ, որպես բացարձակ թիվ և որպես տոկոսային աճ, շատ էական է: Բայց ուզում եմ ընդգծել, որ 2024 թվականի աշխատատեղերը 37 882-ով կամ 5.2 տոկոսով ավելի են նաև 2023 թվականից: Այսինքն՝ աճի այդ դինամիկան տարեցտարի ավելանում է: Ուզում եմ ուրախությամբ ընդգծել, որ այդ դինամիկան պահպանվում է նաև 2025 թվականի հունվարին, և, մասնավորապես, 2025 թվականի հունվարին 2024 թվականի հունվարի նկատմամբ ունենք 41 124-ով ավելի աշխատատեղ, 2018 թվականի հունվարի նկատմամբ՝ 200 հազարից ավելի աշխատատեղ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Վարչապետն անդրադարձել է նաև միջին ամսական աշխատավարձի ցուցանիշին, որը 2024 թվականի արդյունքներով կազմել է 287 172 դրամ, այն 2018 թվականի նկատմամբ ավելի է 114 445 դրամով կամ 66.3 տոկոսով. «Բայց ուզում եմ այս ցուցանիշը համադրել նույն ժամանակահատվածի գնաճի հետ: Հիմա մենք տեսնում ենք, որ 2018 թվականի միջին աշխատավարձը 66.3 տոկոսով ավելի է, քան 2018 թվականինը: Իսկ գնաճը 2018 թվականի նկատմամբ եղել է 25.3 տոկոս. այսինքն՝ մեր մոտ աշխատավարձի աճը մոտավորապես 40 տոկոսով ավելի է, քան գնաճը, և սա էական ցուցանիշ է»,-ասել է վարչապետը և հավելել. «Պետք է հաշվի առնել, որ գնաճի ազդեցությունը տարբեր է աշխատող և չաշխատող քաղաքացիների համար։ Պարզ է, որ այն մարդիկ, որոնք չեն աշխատում, գործազուրկ են, գնաճի ցուցանիշն այլ կերպ են զգում իրենց վրա, իսկ նրանք, որոնք աշխատում են և աշխատավարձ են ստանում՝ այլ կերպ»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ 2024 թվականին 2023 թվականի համեմատ գնաճը եղել է ընդամենը 0.3 տոկոս, մինչդեռ աշխատավարձի աճը 2024-ի արդյունքներով 2023-ի նկատմամբ եղել է 6.4 տոկոս: «Եթե զուտ մեխանիկորեն նայենք, ըստ էության, ստացվում է, որ տասնյակ անգամով ավելի մեծ է եղել աշխատավարձի աճը: 2025 թվականի հունվարին միջին աշխատավարձը, որը կազմել է 296 651 դրամ, 2018 թվականի հունվարի նկատմամբ ավելի է 126 594 դրամով կամ 74 տոկոսով: Իսկ գնաճը 2025 թվականի հունվարին 2018 թվականի հունվարի նկատմամբ գնաճը կազմել է 27 տոկոս, աշխատավարձի աճը՝ 74 տոկոս: 2025-ի հունվարին նախորդ տարվա հունվարի նկատմամբ արձանագրվել է 1.7 տոկոս գնաճ, բայց աշխատավարձերի աճը կազմել է 4.6 տոկոս: Այսինքն՝ այստեղ էլ աշխատավարձերի աճը կրկնակիից ավելին է՝ գնաճի համեմատ»,- նշել է վարչապետը:

 

Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ 2018 թվականից 2024 թվականը ներառյալ 2017 թվականի համեմատ Հայաստանի տնտեսությունն աճել է 43,5 տոկոսով. «Մեր տնտեսությունը վերջին 7 տարիների ընթացքում աճել է 43,5 տոկոսով: Սա ահռելի աճ է, սա նշանակում է, որ մենք տարեկան միջինում 6,1 տոկոսից ավելի տնտեսական աճ ենք ապահովել»:

 

Վարչապետը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի համար. «Մեզ, երբեմն, մեղադրել են, որ ճգնաժամային կառավարումը կա՛մ վատ ենք իրականացնում կա՛մ չենք իրականացնում և այդպես շարունակ: Բայց, ըստ էության, 2018 թվականից, շատ թե քիչ ոչ այդպիսին եղել է միայն 2019 թվականը, մնացած բոլոր թվերը եղել են, ըստ էության, ճգնաժամային կառավարման տարիներ, և այս ճգնաժամային կառավարման պայմաններում միջինում 6,1 տոկոս տնտեսական աճ ենք ապահովել ՀՀ-ում, ինչը, կարծում եմ, առավել քան լավ և գնահատանքի արժանի ցուցանիշ է»:

 

Երկրի ղեկավարը նշել է, որ առկա է նաև այլ ըմբռնում՝ տնտեսական քաղաքականությունները պետք է վերանայել նոր փուլի մեջ մտնելու տրամաբանությամբ: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ ավարտական փուլում է գտնվում հայեցակարգային փաստաթուղթը՝ տնտեսական քաղաքականության նորացված ռազմավարությունը: Այդ համատեքստում վարչապետն ընդգծել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, որը պետք է իր ազդեցությունն ունենա Կառավարության գործունեության բոլոր ոլորտներում. «Եվ ես հույս ունեմ, որ Կառավարության մեր բոլոր գործընկերները նույնպես ակտիվ մասնակցություն կունենան այդ գաղափարախոսության մշակմանը և որդեգրմանը: Իհարկե, տնտեսական քաղաքականության նրբությունները պետք է քննարկենք նաև գործարար համայնքի ներկայացուցիչների հետ»:

 

Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ-ն շարունակում է լինել կայուն տնտեսական զարգացման ուղեծրի վրա: Գործադիրի ղեկավարը կրկին շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի համար պետական կառավարման համակարգի բոլոր մարմիններին ու աշխատակիցներին, ինչպես նաև ՀՀ գործարար համայնքի ներկայացուցիչներին, հարկ վճարողներին. «Մենք համատեղ աշխատանքով պետք է գեներացնենք, այդ թվում՝ բյուջետային միջոցներ, մեր պետության կարիքները հոգալու և մեր պետության զարգացումն ապահովելու համար»: