
Արմինֆո.Հայաստանի առաջատար վենչուրային ֆոնդերից Formula VC-ն, ներկայացրեց իր նոր՝ Formula VC II ֆոնդը:
Պաշտոնական արարողությանը Formula VC-ի թիմը նշեց, որ նոր ֆոնդի շրջանակում առաջիկա 5 տարում 30 միլիոն դոլարի ներդրում կիրականացվի 40 տեխնոլոգիական ստարտափում, որից 6 միլիոն դոլարի ներդրումներն արդեն ֆոնդի մեկնարկից առաջ ներգրավվել են:
Formula VC II ֆոնդի պաշտոնական մեկնարկի միջոցառմանը ներկա Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարության և իր անունից շնորհավորեց ֆոնդին, որն, ըստ փոխվարչապետի, հզորացնում է ձեռներեցներին, խթանում տեխնոլոգիական առաջընթացը և նպաստում երկրի տնտեսական կայուն աճին և անկախությանը։ «Ներկայիս նորարարությունների ժամանակաշրջանում վենչուրային կապիտալը ոչ միայն ֆինանսավորման աղբյուր է, այլև հիմնարար փոխակերպումների խթանիչ ուժ: Վենչուրային կապիտալի դերը չի սահմանափակվում միայն ստարտափների ֆինանսավորմամբ: Հաջողած ձեռնարկությունները ստեղծում են բարձր վարձատրվող աշխատատեղեր, ազատ շուկային պարտադրում են արդյունավետության աճ, խթանում են նաև ապրանքների և ծառայությունների որակի աճը և տնտեսության գլոբալ արդիականացումը: Այս ամենը նպաստում է երկրի տնտեսական հզորացմանը և միջազգային մրցունակության բարձրացմանը: Այսպիսով՝ վենչուրային կապիտալը կամուրջ է դեպի առաջադեմ ապագա»,-նշել է Մհեր Գրիգորյանը:
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն իր ողջույնի խոսքում գոհունակությամբ է ընդգծել, որ Formula VC II ֆոնդի շնորհիվ տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրումներ են կատարվելու հայկական ստարտափ էկոհամակարգի մեջ: «Պետք է արձանագրել, որ վենչուրային կապիտալի կարևոր բաղադրիչներից մեկը ստեղծարար մտքի խրախուսումն է: Ոչ միայն խրախուսումն է, այլև ստեղծարար միտք ունեցող ձեռներեցների ունեցած ֆինանսական և այլ ռիսկերը կիսելն է: Սա նաև առաջնորդություն է, որովհետև Հայաստանից և սփյուռքից ներգրավված մարդիկ այս վենչուրային ֆոնդում իրենց ձեռքն են մեկնելու սկսնակ և ոչ սկսնակ զարգացող ընկերություններին՝ իրենց փորձով, գիտելիքներով և միջազգային կապերով: Սա նաև մեծ հնարավորություններ է ստեղծում կայացած և կայացող ընկերություններին՝ միջազգային շուկա դուրս գալու համար»,-իր ելույթն ամփոփելով՝ Հակոբ Արշակյանը նաև նշել է, որ վերջին 5 տարում մեր երկրի ՀՆԱ-ում ավելի քան եռապատկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ընկերությունների համախառն արդյունքը:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ևս շնորհավորել է Formula VC II ֆոնդի մեկնարկի առիթով՝ ընդգծելով վերջինիս կարևորությունը Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման համար։ Ըստ նախարարի՝ նոր ֆոնդի գործարկումը ոչ միայն լայն հնարավորություններ է ստեղծում հայկական ստարտափների համար, այլև կարևոր ուղերձ է միջազգային ներդրողներին՝ ցույց տալու համար, որ Հայաստանը մեծ ներուժ ունի նորարարության ոլորտում: «Միայն 2024-ին ՏՏ ոլորտի շրջանառությունը կազմել է 915 միլիարդ դրամ, իսկ բարձր տեխնոլոգիական ոլորտի արտադրության որոշ ուղղությունների ներառմամբ՝ այն գերազանցել է 1 տրիլիոն 150 միլիարդ դրամը։ Այս շարունակական աճը ցույց է տալիս, որ Հայաստանն արդեն ձևավորել է մրցունակ տեխնոլոգիական միջավայր, որը շարունակաբար զարգանում է՝ ներգրավելով նոր գաղափարներ, տաղանդներ և ներդրումներ։ Պետական և մասնավոր հատվածների ներդրումները ոլորտում բերել են շոշափելի հաջողություններ։ Այսօր տնտեսության տեխնոլոգիական բաղադրիչը կազմում է ՀՆԱ-ի մոտ 7-8 տոկոսը, սակայն մենք վստահ ենք, որ առկա կարողությունները թույլ են տալիս առաջիկա տարիներին կրկնապատկել այս ցուցանիշը»,-ասել է Մխիթար Հայրապետյանն ու հավելել, որ այս գործընթացում վենչուրային հարթակներն առանցքային դեր ունեն։
Գրիգոր Հովհաննիսյանն իր բացման խոսքում հակիրճ ներկայացրել է հայկական և հայ հիմնադիրներով ընկերությունների զարգացումը վերջին մոտ 20 տարում և թե ինչպես են հիմնաքարային փոփոխություններ բերել տեխնոլոգիական ընկերությունները մեր տնտեսությունում: «Նախևառաջ պետք է նշեմ, որ մեզ համար այսօր շատ մեծ իրադարձություն է, որովհետև մի քանի տարի առաջ նույնիսկ չէինք կարող մտածել, որ քննարկելու ենք նման թեմաներ: Մեր ոլորտը, որի շրջանառությունը մեր ՀՆԱ-ում հասել է արդեն 2,5 մլրդ դոլարի, արդյունքն է 20 տարում հարյուրապատկված համախառն արդյունքի: Այսօր տեսնում եք ընկերություններ, հայկական ստարտափներ, որոնք ներդրումներ են ստացել և հաջողել հենց հայկական վենչուրային ֆոնդերից: Մենք հույս ունենք, որ մոտ ապագայում Հայաստանի 5 ամենամեծ ըներությունները կլինեն հայկական տեխնոլոգիական կազմակերպություններ»,-իր խոսքն ամփոփել է Գրիգոր Հովհաննիսյանը:
Միջոցառումը համախմբել էր նաև Հայաստանի տեխնոլոգիական համայնքի առաջատարներին, ներդրողներին և ստարտափների հիմնադիրներին՝ նշելու նոր ֆոնդի մեկնարկը և քննարկելու մեր երկրի ինովացիոն ապագան։
Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արման Վարդանյանն՝ ամփոփելով Formula VC-ի հետ գործակցության մեկ տարին, նշել է, որ այսօր արդեն կարելի է ասել, որ շատ կարևոր որոշում են ընդունել՝ ֆոնդում ներդնելով 1 միլիոն դոլար՝ դառնալով կենսաթոշակային ֆոնդերի առաջին կառավարիչը, որը ներդրում է կատարել՝ ուղղված հայկական տեխնոլոգիական զարգացմանը: «Հայաստանում նորարարությունը թափ է առնում, բայց առանց ֆինանսավորման այդ գաղափարները կմնան միայն գաղափարներ, այնինչ ամեն նոր հաջողած ստարտափ նոր աշխատատեղեր են, նոր մատակարարներ, նոր շուկաներ և նոր միջազգային կապեր: Բացի այդ, այս ներդրումն արվել է ի շահ մեր կենսաթոշակային ֆոնդերի՝ շուրջ 390 հազար մասնակիցների, որոնք վստահում են իրենց կենսաթոշակային կուտակումները և դրանով իսկ ստեղծում հնարավորություն կատարել ներդրումներ Հայաստանի տեխնոլոգիական ապագայի մեջ: Յուրաքանչյուր գործի հաջողության գրավականը մեկ գործոն չէ, այլ որպես կանոն սիմբիոզ է մի քանի բաղադրիչների համահունչ արդյունավետ աշխատանքի: Այսօր Հայաստանում ձևավորվել է բավականին նպաստավոր էկոհամակարգ՝ մեր ազգին բնորոշ նորարարական միտքը հաջողակ բիզնեսի վերածելու համար»,-իր խոսքն ամփոփելով՝ Արման Վարդանյանը հավելել է, որ մշտական կապի մեջ են Formula VC-ի հետ՝ հետևելով ֆոնդերի պորտֆելի ընկերութունների առաջընթացին:
Formula VC-ի համահիմնադիր Կարեն Վարդանյանը ներկայացրեց Formula VC-ի անցած ճանապարհն ու հիշեցրեց, որ արդեն իսկ 22 ստարտափում ներդրումներ են արել կիբերանվտանգությունից մինչև արհետական բանականության, քվանտային տեխնոլոգիաներից մինչև ռադար տեխնոլոգիաների, ռոբոտաշինության, տիեզերական տեխնոլոգիաների, վերականգնվող էներգիայի ոլորտներում: «Մեր առաջին վենչուրային ֆոնդը, որը հիմնադրեցինք 2021-ին, նպատակ ուներ ներդրումներով խթանել հայկական ծագումով ստարտափների աճն ու արագացնել դեպի միջազգային շուկա դուրս գալը: Այսօր արդեն մեր պորտֆելի մեջ մտնող ընկերությունների արժեքը գերազանցել է 500 միլիոն դոլարը։ Վերջին 4 տարում այդ ընկերությունների արժեքը եռապատկվել է: Այստեղ կարևոր է նշել, որ այս ընկերությունները միջինում 2 տարի են մեր պորտֆելում և գրանցել նման արդյունք այս կարճ ժամանակահատվածում բացառիկ է, որովհետև աշխարհում ընդամենը 1% վենչուրային ֆոնդերին է հաջողվում այս արդյունքներին հասնել: 47 ներդրողով մեր առաջին ֆոնդը մենք սիրում ենք անվանել “Community driven”, որովհետև առաջին վստահողնորը նորարական ոլորտներից էին, հետագայում նրանց միացան նաև այլ ոլորտներից ներդրողներ: Կարելի է ասել, որ Formula VC-ն դարձել է ձգողականության կենտրոն ամբողջ աշխարհի հայ հիմնադիրների համար»,-նշել է Formula VC-ի համահիմնադիր Կարեն Վարդանյանը:
Formula VC II ֆոնդն իր շուրջն է համախմբել ներդրողների և խորհրդատուների աշխարհի ավելի քան 20 երկրից՝ ստեղծելով միջազգային հարթակ հայկական ստարտափների համար՝ անկախ նրանց գտնվելու վայրից։
Միջոցառմանը պաշտոնական եույթներին հաջորդեց պանելային քննարկում՝ «Ինչպե՞ս գումարհայթայթում իրականացնել ստարտափների համար» թեմայով: Հաջողակ հայ ստարտափների հիմնադիրները պատմեցին իրենց հաջողության պատմություններն ու խոսեցին հնարավոր մարտահրավերներից։
Formula VC II ֆոնդի պաշտոնական մեկնարկի միջոցառման մասնակիցները նաև ոչ ֆորմալ միջավայրում քննարկեցին գործակցությունների հնարավորություններ և փոխանակվեցին իրենց գաղափարներով