
Արմինֆո. Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան պատժամիջոցների տարածաշրջանային համակարգող Ալեքսանդր Ջեյմսը Միացյալ Թագավորության պատվիրակության հետ այցելել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն՝ քննարկելու ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով Ռուսաստանի դեմ կիրառված տնտեսական պատժամիջոցների ազդեցությունը հայ գործարար համայնքի գործունեության վրա և դրանց ստեղծած մարտահրավերները։
ՀԱԳՄ հաղորդագրության համաձայն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Ալեքսանդր Ջեյմսը նշել է, որ իրենց այցը Երևան հիանալի հնարավորություն է քննարկելու պատժամիջոցների ազդեցությունը տնտեսության վրա, լուծումներ գտնելու առկա մտահոգությունների համար, ուսումնասիրելու բացասական հետևանքները բիզնեսների վրա և դրանք մեղմելու հնարավորությունները, գտնելու համագործակցության նոր եզրեր։
ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը, հյուրերի խնդրանքով, ներկայացրել է այն իրողությունները և միտումները, որոնք Հայաստանում արձանագրվել են Ռուսատանի նկատմանբ կիրառված պատժամիջոցների հետևանքով։ Նրա խոսքով՝ ազդեցությունը եղել է թե՛ դրական, թե՛ բացասական։ Մի կողմից արձանագրվել է ՌԴ–ից բազմաթիվ ընկերությունների և բարձրակարգ մասնագետների տեղափոխություն դեպի Հայաստան, ինչն իր հերթին հանգեցրել է տնտեսության մի շարք ճյուղերի ակտիվացմանը, ֆինանսական լրացուցիչ զգալի հոսքերի, ապրանքաշրջանառության և արտաքին առևտրի ծավալների մեծացման։ Մյուս կողմից սահմանափակվել է շատ ընկերությունների, ֆինանսական կառույցների գործունեության շրջանակը՝ հանգեցնելով լրացուցիչ խնդիրների։
Հյուրերը ծանոթացրել են Լոնդոնի Արտաքին համագործակցության և զարգացման գրասենյակի գործունեությանը։ Անդրադարձ է եղել համատեղ այն ձեռնարկներին ու առաջնահերթություններին, որոնք միտված կլինեն նվազագույնի հասցնելու պատժամիջոցների անցանկալի հետևանքները, արտահանման շուկաների դիվերսիֆիկացիային, կայուն տնտեսական գործունեությանը, եվրոպական տնտեսության հետ ինտեգրմանը։
ՀԱԳՄ փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կարևորել է մեզանում եվրոպական գործարար մշակույթի ընդլայնմանը միտված քայլերը, Հայաստանում արևմտյան արաջատար ընկերությունների ներկայությունը, համանման շփումներն ու քննարկումները։
ՀԱԳՄ ներկայացուցիչները պատասխանել են հյուրերին հետաքրքրող բազմաթիվ հարցերին։