Երկուշաբթի, 3 Մարտի 2025 11:29
Նաիրա Բադալյան

2025 թվականի 2 ամսում Հայաստանը սպառել է դիստրիբյուտորական պայմանագրեր չունեցող անձանց համար Էլեկտրամոբիլների տարեկան անմաքս քվոտայի շուրջ 97%-ը

2025 թվականի 2 ամսում Հայաստանը սպառել է դիստրիբյուտորական պայմանագրեր չունեցող անձանց համար Էլեկտրամոբիլների տարեկան անմաքս քվոտայի շուրջ 97%-ը

Արմինֆո. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 24.11.2023թ. N 134 որոշմամբ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2  ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպելու քվոտան 2025 թվականի համար սահմանվել էր 8000 հատ տրանսպորտային միջոցի մասով, որը ՀՀ կառավարության 28.11.2024թ. N 1876-Ն որոշմամբ բաշխվել է հետևյալ կերպ.

1) 3000 հատից ոչ ավելի քանակով տրանսպորտային միջոցներ մաքսատուրքի արտոնությամբ կարող են ձևակերպվել անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի (համաձայնագրի) շրջանակում ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից:

2) 5000 հատից ոչ ավելի քանակով` 1-ին կետում չնշված ներմուծում իրականացնող սուբյեկտների (այդ թվում՝ ֆիզիկական անձանց) կողմից:

Ինչպես հաղորդում է Պետական եկամուտների կոմիտեն, 2025 թ. մարտի 2-ը ներառյալ մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպվել է.

1) 466 հատը կամ բաշխված քվոտայի (3000 հատ) 15.5%-ը` անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի շրջանակներում ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից:

2) 4818 հատը կամ բաշխված քվոտայի (5000 հատ) 96.4%-ը` 1-ին կետում չնշված ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից: