
Արմինֆո. ՀՀ կառավարության շենքի առջև հարկային փոփոխությունների դեմ բողոքող բիզնեսի ներկայացուցիչների հերթական ակցիայից հետո Էկոնոմիկայի նախարարությունում առաջին անգամ տեղի է ունեցել հանդիպում՝ նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ:
Ավելի վաղ բիզնեսի ներկայացուցիչներին ընդունել էին գերատեսչության ղեկավարի տեղակալների մակարդակով ։ Սակայն դա էլ չէր օգնել լուծել առկա կոնֆլիկտը։ Հանդիպումը բավականին լարված մթնոլորտում է անցել. բիզնեսը պահանջել է վերացնել օրենսդրական նորամուծությունները՝ շրջանառության հարկի բարձրացումը 5 տոկոսից մինչեւ 10 տոկոս, մինչդեռ, էկոնոմիկայի նախարարը փորձել է խոսել պետության կողմից բիզնեսին ցուցաբերվող աջակցության այլ մեխանիզմների մասին ։ Միայն ժամանակ առ ժամանակ կողմերը լսել են միմյանց առաջարկություններն ու դիտողությունները, հիմնականում, Էկոնոմիկայի նախարարության մեծ դահլիճում երկխոսություններ չեն լսվել։
ՓՄՁ ներկայացուցիչները ապարդյուն փորձել են ոլորտի պատասխանատուներին հասցնել, թե ինչ բարդ իրավիճակում են հայտնվել հարկային նորամուծությունների առնչությամբ:
Սակայն էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ բացի հարկերից, բիզնեսն ունի բազմաթիվ այլ խնդիրներ ՝ կապված տրանսպորտի, ընթացակարգերի, սերտիֆիկացման և այլնի հետ, որտեղ գերատեսչությունը կարող է աջակցել։ <Միգուցե մենք մշակել ենք աջակցության 20 գործիք, բայց բիզնեսի ինչ-որ մի խումբ չի կարող օգտվել դրանցից որևէ մեկից՝ տարբեր պատճառներով: Հնարավոր է՝ մենք այդ խնդիրը չենք տեսել, չենք բացահայտել և լուծում չենք գտել։ Դուք մեզ օգնեք, որպեսզի մենք էլ կարողանանք ձեզ օգնել ձեր խնդիրների լուծման հարցում", - ասել է Պապոյանը։
Ընդ որում, նա ընդգծել է, որ եթե բիզնեսի ներկայացուցիչները միայն մեկ առաջարկ ունեն՝ չեղարկել հարկային փոփոխությունները, ապա կարելի է տուն գնալ, որպեսզի ժամանակի ընթացքում հասկանան, թե արդյոք դա հնարավոր է, թե՝ ոչ ։ "Ամեն ինչ կամ ոչինչ "տարբերակը չի անցնի", - ասել է նախարարը։ Նկատենք, որ նախարարի հետ հանդիպումից հետո բիզնեսի ներկայացուցիչների մի մասը նշել է, որ առանձնապես գոհ չէ քննարկումների արդյունքից, սակայն մի փոքր հույս կա, այնուամենայնիվ, քանի որ դա գերատեսչության ղեկավարի հետ առաջին հանդիպումն էր: ՓՄՁ ներկայացուցիչների մյուս մասը նշել է, որ հանդիպումը ոչինչ չի տվել, ավելին, որոշակի տպավորություն է ստեղծվել, որ իրենք սխալ նախարարություն են եկել: