
Արմինֆո.ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 4-ին ընդունել է ՀՀ բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանին, «ԱրմՍվիսԲանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանին և գործադիր տնօրենի տեղակալ Արա Մակարյանին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը։
Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձան, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում կանաչ, կայուն և շրջանաձև տնտեսության զարգացման օրակարգն առաջ մղելուն վերաբերող մի շարք հարցեր։ Բանկի ներկայացուցիչները նախարարին են ներկայացրել Հայաստանի կանաչ և կայուն տնտեսության զարգացմանը նպաստող իրենց ծրագրերը։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել Կանաչ կլիմայի հիմնադրամից (GCF) ցածր տոկոսով վարկային միջոցների ներգրավմանը, որոնք կուղղվեն ՀՀ-ում կլիմայի փոփոխությանն ուղղված ծրագրերի իրականացմանը։
Հանդիպման ընթացքում նաև ընդգծվել է միջազգային գործընկերությունների հաստատման կարևորությունը՝ նոր ներդրումային հնարավորություններ ստեղծելու նպատակով։
Նախարարն ընդգծել է, որ պետության կողմից այս ուղղությամբ հանձնառություններն ամրագրված են Կառավարության 2021-2026 թթ․ ծրագրով, որտեղ հստակ մատնանշվում են կայուն զարգացման կարևոր նախապայմանները։
Նշենք, որ օրեր առաջ մամուլի ասուլիսի ժամանակ ՀԲՄ ղեկավար Դանիել Ազատյանը հաղորդել էր, որ 2024 թվականը Հայաստանի բանկային համակարգը փակել է 363 մլրդ դրամ շահույթով, ինչը 61 տոկոսով բարձր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից։ Բանկային համակարգի ընդհանուր կապիտալը կազմել է 1.8 տրիլիոն դրամ, ակտիվները՝ 11 տրլն. դրամ, վարկային պորտֆել և ավանդները՝ 6.4 տրիլիոն դրա: Կապիտալի շահութաբերությունը (ROE) կազմել է 22,3%:
ԱրմԻնֆո-ի պատրաստած Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի 31.12.2024 թ. տվյալներով, վարկային պորտֆելը (հաշվի առնելով միջբանկային վարկերը/ավանդները) գերազանցել է 7 տրլն դրամը ՝ տարեկան աճի 18%-ից մինչեւ 22% արագացմամբ: Դրա կառուցվածքում 51% ը կամ 3.6 տրլն դրամը բաժին է ընկնում կորպորատիվ վարկերին (ծավալի աճի արգելակմամբ՝ 24%-ից մինչև 18%), իսկ ավելի քան 43%-ը կամ 3.03 տրլն դրամը կազմում են մանրածախ վարկերը (ծավալի աճի արագացմամբ՝ 18%-ից մինչև 33%)։
Ընդհանուր պարտավորությունների տարեկան աճի տեմպերն արագացել են՝ 9%-ից մինչեւ 20%՝ գերազանցելով 9.2 տրլն դրամը։ Դրանց կառուցվածքում դեռևս շարունակում են գերակշռել ցպահանջ պարտավորությունները՝ 3.5 տրլն դրամ, իսկ ժամկետային ավանդների ծավալը կազմում է 3 տրլն դրամ, ընդ որում, երկու ցուցանիշների գծով էլ դիտվում է տարեկան աճի արագացում՝ մինչև, համապատասխանաբար, 18% և 14% (2023թ. 9%-ից և 11%-ից)։
Ակտիվների տարեկան աճն արագացել է 9,4%-ից մինչեւ 20%՝ գերազանցելով 11 տրլն դրամը։ Ընդհանուր կապիտալի տարեկան աճը 13%-ից հասել է 20,3%-ի՝ կազմելով 1,8 տրլն դրամ։ 2024 թվականի արդյունքներով ակտիվների շահութաբերությունը (ROA) աճել է մինչև 3,8% (2023 թվականի 2,6%-ից), իսկ կապիտալի եկամտաբերությունը (ROE) հասել է 23,7%-ի (2023 թվականի 16,3%-ից)։ (ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ 31.12.2024 թ. դրությամբ կազմել է 396,56 դրամ/1դոլար):