Երեքշաբթի, 4 Մարտի 2025 12:25
Ալեքսանդր Ավանեսով

Քննարկվել է "Հյուսիս-Հարավ" ճանապարհային միջանցքի շինարարության ընթացքը

Քննարկվել է "Հյուսիս-Հարավ" ճանապարհային միջանցքի շինարարության ընթացքը

Արմինֆո.Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման, Քաղաքային հայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։

 

Կառավարության հաղորդագրության համաձայն, նիստի ընթացքում ներկայացվել է Պուշկինի և Դիլիջանի թունելների հիմնանորոգման նախագծային աշխատանքների ընթացքը։ Քննարկվել են Պուշկինի թունելի հիմնանորոգման նախագծային լուծումները, ինչպես նաև Դիլիջանի թունելի համար առաջարկվող հիմնանորոգման և նոր թունելի կառուցման տարբերակները։

 

Նիստի ընթացքում քննարկվել են նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի տարբեր հատվածների իրականացման ընթացքը, հետագա ծրագրերի առաջնահերթությունները, հեռանկարները և առաջիկա անելիքները։ Օրակարգային հարցերի շրջանակում անդրադարձ է կատարվել նաև կառավարման խորհրդի 2024 թվականին ընդունված որոշումների կատարման ընթացքին։
 

Հիշեցնենք, որ 556 կմ ընդհանուր երկարությամբ "Հյուսիս-Հարավ" տրանսպորտային միջանցքի նախագիծը թույլ կտա ելք ապահովել դեպի Սև ծով և եվրոպական երկրներ՝ Հայաստանի (Մեղրի-Կապան-Գորիս-Երևան - Աշտարակ-Գյումրի-Բավրա) և Վրաստանի տարածքով: Ներդրումային ծրագիրը նպատակ ունի ապահովել Հայաստանի հյուսիսի (Վրաստանի հետ սահման) և հարավի (Իրանի հետ սահման) կապը միջազգային բարձր չափանիշներին բավարարող տրանսպորտային հաղորդակցությունների միջոցով՝ ելքով համաշխարհային շուկաներ:

 

Միջանցքի շինարարությունն ի սկզբանե նախատեսվում էր ավարտել 2019 թվականին։ Մինչդեռ, այժմ ակնհայտ է դառնում, որ ծրագրի իրականացումը կարող է տևել ևս 5-10 տարի։ Ծրագրի իրականացման ժամկետները կախված կլինեն ծրագրի ֆինանսավորումից, իրականացման տեմպերից և որակից: Շինարարությունը կարժենա ավելի քան 2 մլրդ դոլար, քանի որ միայն դրա հարավային հատվածը կարժենա մոտ 1,5 մլրդ դոլար: Մինչդեռ, 6 տարի առաջ՝ 2012 թվականի սեպտեմբերին, երբ սկսվեց ավտոմայրուղու շինարարությունը, գումարը, որը նշում էին Հայաստանի կառավարության ներկայացուցիչները, ավելի քան կրկնակի պակաս էր՝ 962 մլն դոլար: