Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. մարտի 10-14-ը չորս անգամ իրականացվել են դոլարով, և նույնքան էլ ռուբլով գործարքներ, ինչին զուգընթաց վերսկսվել են եվրոյով գործարքները։ Արդյուքնում՝ դոլարային գործարքների աճի շաբաթական միտումը պահպանվել է՝ տեմպերի 33%-ից մինչեւ 24% դանդաղմամբ, ինչին զուգընթաց շարունակել են աճել նաեւ ռուբլով գործարքները, բայց տեմպերի 12%-ից մինչեւ 21,4% արագացմամբ: Արդյունքում, դոլարային գործարքների շաբաթական ծավալի գերակշռությունը ռուբլու նկատմամբ չի փոխվել (1,7 անգամ), իսկ եվրոյով գործարքների նկատմամբ ավելի էական է եղել (22 անգամ)։
Դրան զուգընթաց, արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (10-14.03.25-ը ' 03-07.03.25-ի համեմատ) դոլարի առքուվաճառքի թրենդն ուղղվել է դեպի անկում, եվրոյին առնչվող գործարքների դեպքում առքի աճի արգելակումն ուղեկցվել Է վաճառքի միտման անկումից աճ դուրս գալով, իսկ ռուբլու գործարքներում պահպաավել է վաճառքի անկումը, ուր ուղղվել է նաև առքի թրենդը։
Արդյունքում՝ ս.թ. մարտի 10-14-ն ընկած ժամանակահատվածում դրամը սկսել է արժևորվել ինչպես դոլարի նկատմամբ' 395,3-ից մինչև 391,3 դրամ/1դոլար, այնպես էլ եվրոյի նկատմամբ' 426,8-ից մինչև 425 դրամ/1 եվրո, միաժամանակ թուլանալով ռուբլու նկատմամբ' 4,40-ից մինչև 4,49 դրամ/1 ռուբլի: Մեկ տարի առաջ ՝ 2024թ. մարտի 14-ին դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 403,5 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ՝ 440,5 դրամ/1եվրո, իսկ ռուբլու նկատմամբ՝ 4,38 դրամ/1ռուբլի, ինչը ներկայիս փոխարժեքների համեմատ վկայում է դոլարի և եվրոյի նկատմամբ դրամի տարեկան արժևորման մասին՝ ռուբլու նկատմամբ արժեզրկման պայմաններում։