Արմինֆո. Հայաստանում էլեկտրաէներգիայի խոշոր սպառողները ուղղակիորեն էլեկտրաէներգիա արտադրողների հետ պայմանագրերի կնքման հնարավորություն կունենան։ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը մարտի 19-ի նիստում դրական եզրակացություն է տվել ԱԺ մի խումբ պատգամավորների կողմից առաջին ընթերցմամբ ներկայացված "Էներգետիկայի մասին" օրենքում փոփոխություններին:
ԱԺ հաղորդագրության համաձայն, օրինագծի համահեղինակ Ծովինար Վարդանյանը, ներկայացնելով փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, նշել է, որ 2018 թվականին ուժի մեջ մտած օրենսդրական բարեփոխումներով մեկնարկել է էլեկտրաէներգետիկական շուկայի աստիճանական ազատականացման եւ շուկայի նոր մոդելին անցման գործընթացը: Բացի այդ, շուկայի ազատականացման արդյունքում սպառողների համար ստեղծվել է հնարավորություն մինչ այդ գործող միակ մատակարարի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի փոխարեն ընտրելու նաեւ այլ՝ մրցակցային մատակարարների:
Ներկայում էլեկտրաէներգետիկական շուկային մասնակցության նպատակով լիցենզիա է ստացել շուրջ 22 մատակարար, որոնցից, սակայն, շուկայում փաստացի գործունեություն են ծավալում միայն վեցը, ինչը, ըստ բանախոսի, խնդրահարույց է:
Նշվել է, որ շուկայում գործող վեց մատակարարներից իրենց առեւտրի ծավալներով առաջինից երրորդ տեղերում գտնվող ընկերությունների առեւտրի ծավալները տարբերվում են ավելի քան հինգ անգամ:
Պատգամավորները վերոնշյալ խնդիրը լուծելու նպատակով, մասնավորապես, առաջարկում են օրենքով սահմանված՝ էլեկտրաէներգիայի գնման երաշխիքից օգտվող՝ բնական ջրահոսի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններում, արեւային եւ հողմային կայաններում էլեկտրաէներգիա արտադրողներին հնարավորություն տալ առաջիկա երկու տարիների ընթացքում հրաժարվել էլեկտրաէներգիայի գնման երաշխիքից եւ մուտք գործել մրցակցային շուկա՝ առանց այդ երաշխիքի վերականգնման իրավունքի:
Հիմնական զեկուցողն ընդգծել է, որ առաջարկվող իրավակարգավորումը հնարավորություն կտա ընդլայնելու էլեկտրաէներգետիկական շուկայի մրցակցային հատվածում էլեկտրաէներգիա վաճառողների շրջանակը եւ վաճառվող էլեկտրաէներգիայի ծավալները՝ խթանելով ազատական շուկայի զարգացումը:
Ծովինար Վարդանյանը տեղեկացրել է, որ օրինագծի մշակման փուլում հանդիպումներ են ունեցել տնտեսավարողների հետ, լսել նրանց կարծիքները:
Հարակից զեկուցող, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը, ներկայացնելով դրական դիրքորոշումը, անդրադարձել է տնտեսավարողներից մի քանիսի դժգոհություններին՝ դրանք անվանելով անհիմն: