Արմինֆո. Հայաստանում նախատեսվում է սահմանափակել այն գործունեության տեսակների ցանկը, որոնք 2025 թվականի հուլիսի 1-ից շրջանառության հարկից պետք է անցնեն ԱԱՀ դաշտ։ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը մարտի 19-ի նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ Հարկային օրենսգրքում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին:
Ինչպես իր ելույթում նշել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, առաջին ընթերցման համեմատ օրենսգրքում էական փոփոխություններ են կատարվել: Մասնավորապես, շրջանառության հարկից ընդհանուր հարկային դաշտ կտեղափոխվեն իրավաբանական գրասենյակները, հաշվապահական գործունեությունը, ընկերությունների գլխամասային գրասենյակների գործունեությունը, պետական կառավարման համակարգում խորհրդատվական ծառայությունները, ժամանակավոր աշխատողներին աշխատանքով ապահովող ընկերությունների գործունեությունը, վարձու աշխատողներին աշխատանքով ապահովող այլ գործունեություն: Միաժամանակ, շրջանառության հարկի համակարգում կսահմանափակվեն նաեւ մարզերում ուղեւորափոխադրումները։
Մեկ այլ հիմնական փոփոխություն, ինչպես նշել է նախարարը, վերաբերում է անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերող փաստաբանական գրասենյակներին։ Մասնավորապես, նման օգնություն ցուցաբերելիս օրինագծով նախատեսվում են բացառություններ։ Այսպես, եթե անվճար օգնության ծավալները չգերազանցեն փաստաբանական գրասենյակների կողմից ստացվող ֆինանսական միջոցների ընդհանուր ծավալի 5 տոկոսը, ապա այդ միջոցները չեն հարկվի ԱԱՀ-ով։
Առաջարկվող միջոցառումները, ինչպես ընդգծել Է նախարարը, ուղղված են անյ բանին, որ գործունեության այդ տեսակները փաստաթղթավորվեն։
Այդ առնչությամբ հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշել է, որ ի սկզբանե նախատեսվում էր ամբողջ մասնագիտական գործունեությունը շրջանառության հարկից տեղափոխել ԱԱՀ դաշտ, սակայն այժմ որոշում է կայացվել դրանց ձեռք չտալ, և նրանք շարունակելու են աշխատել այն դաշտում, որտեղ նախկինում աշխատել են՝ բացառությամբ վերը նշված դեպքերի: