
Արմինֆո. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-փետրվարին խիստ դանդաղել է՝ հասնելով տարեկան 4,1%-ի (2024թ. նույն ժամանակահատվածի 13,6% - ից)։ Ընդ որում, մեկ տարի առաջ աճի դրայվեր հանդիսացող արդյունաբերական հատվածն այժմ երկնիշ անկման մեջ է հայտնվել։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները, դա ուղեկցվել է արտաքին առևտրի միտման վատթարացմամբ՝ մի քանի անգամ աճից մինչև ծանրակշիռ անկում։
Ըստ վիճակագրության՝ 2025թ. հունվար-փետրվար ամիսներին տնտեսական ակտիվության աճի նման արտահայտված արգելակումն առավելապես բխում էր արդյունաբերության հատվածի տարեկան դինամիկայի վատթարացումից՝ 28,9% աճից մինչև 19,4% անկում, և առևտրի ոլորտի աճի խիստ դանդաղումից՝ 24,1%-ից մինչև 7,8%: Ընդ որում, ծառայությունների ոլորտին հաջողվել է արագացնել տարեկան աճը՝ 5,2%-ից մինչեւ 12,4%, ինչը դիտվել է նաև շինարարության հատվածում, որտեղ աճն արագացել է 10,8%-ից մինչև 12,2%: Զգալիորեն բարելավվել է էներգահամալիրի տարեկան դինամիկան՝ 4,9% անկումից մինչեւ 6,9% աճ։ Ագրոհատվածի դինամիկան տվյալ վիճակագրական հաշվետվության մեջ չի ներկայացվում: