Արմինֆո. Հայաստանում էլեկտրաէներգիայի խոշոր սպառողները հնարավորություն կունենան ուղղակիորեն պայմանագրեր կնքել էլեկտրաէներգիա արտադրողների հետ։ ՀՀ Ազգային ժողովը մարտի 25-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը հեղինակել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանը եւ Արուսյակ Մանավազյանը:
ԱԺ հաղորդագրության համաձայն, Ծովինար Վարդանյանը ներկայացրել է օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, նշելով, որ 2018 թվականին ուժի մեջ մտած օրենսդրական բարեփոխումներով մեկնարկել է էլեկտրաէներգետիկական շուկայի աստիճանական ազատականացման եւ շուկայի նոր մոդելի անցման գործընթացը:
Բացի այդ, շուկայի ազատականացման արդյունքում սպառողների համար ստեղծվել է հնարավորություն մինչ այդ գործող միակ մատակարարի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի փոխարեն ընտրելու նաեւ այլ՝ մրցակցային մատակարարների:
Նշվել է, որ ներկայում էլեկտրաէներգետիկական շուկային մասնակցության նպատակով լիցենզիա է ստացել շուրջ 22 մատակարար, որոնցից, սակայն, շուկայում փաստացի գործունեություն են ծավալում 6-10-ը: «Գործող կազմակերպությունների ծավալին ծանոթանալով՝ կարելի է եզրակացնել, որ շուկայում առկա է կենտրոնացում եւ տվյալ օրենքի մի մասը միտված է այս կենտրոնացումը ցրելուն եւ շուկայում մրցակցային դաշտը կարգավորելուն»,- նկատել է զեկուցողը:
Նշված խնդիրը լուծելու նպատակով պատգամավորներն առաջարկում են օրենքով սահմանված՝ էլեկտրաէներգիայի գնման երաշխիքից օգտվող՝ բնական ջրահոսի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններում, արեւային եւ հողմային կայաններում էլեկտրաէներգիա արտադրողներին հնարավորություն տալ առաջիկա երկու տարիների ընթացքում հրաժարվել էլեկտրաէներգիայի գնման երաշխիքից եւ մուտք գործել մրցակցային շուկա՝ առանց այդ երաշխիքի վերականգնման իրավունքի:
Հիմնական զեկուցողն ընդգծել է, որ առաջարկվող իրավակարգավորումը հնարավորություն կտա ընդլայնելու էլեկտրաէներգետիկական շուկայի մրցակցային հատվածում էլեկտրաէներգիա վաճառողների շրջանակը եւ վաճառվող էլեկտրաէներգիայի ծավալները՝ խթանելով ազատական շուկայի զարգացումը:
Երկրորդ փոփոխությամբ առաջարկվում է սահմանել էլեկտրաէներգետիկական շուկայում որակավորված սպառողի կարգավիճակով ինքնուրույն՝ առանց մատակարար ընտրելու հնարավորության, առեւտուր իրականացնելու պահանջ այն սպառողների համար, որոնք նախորդ օրացուցային տարվա ընթացում իրենց՝ 6 (10) կՎ ու բարձր լարման եւ մեկ միլիոն կՎտժ-ը գերազանցող էլեկտրական էներգիայի սպառում ունեցած բոլոր հաշվառման կետերում միասին սպառել են 12 միլիոն կՎտժ-ից ավելի էլեկտրական էներգիա:
Նշված իրավակարգավորումը եւս հնարավորություն կտա խթանելու էլետրաէներգետիկական շուկայում մրցակցությունը եւ ընդլայնելու դրա մրցակցային հատվածում առեւտրի մասնակիցների շրջանակը:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը փաթեթի վերաբերյալ ներկայացրել է Սերգեյ Բագրատյանը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն էլ ներկայացրել է իր գլխավորած հանձնաժողովի դրական կարծիքը: