Ուրբաթ, 28 Մարտի 2025 14:35
Ալինա Հովհաննիսյան

Էկոնոմիկայի նախարարը Գյումրիի ֆաբրիկաների հետ քննարկել է տեքստիլ արտադրության ընդլայնման հնարավորությունները

Էկոնոմիկայի նախարարը Գյումրիի ֆաբրիկաների հետ քննարկել է տեքստիլ արտադրության ընդլայնման հնարավորությունները

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ այցելել է Գյումրի քաղաքի տեքստիլ ոլորտի մի շարք ընկերություններ։ Այցին մասնակցել են նաև Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։

Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, առաջին այցը «Lentex» ՍՊԸ-ում էր, որը հանդիսանում է գուլպաների և զուգագուլպաների խոշորագույն արտադրողներից մեկը Հայաստանում։

Այն շուկայում ներկայացված է Lentex, Danny, Viva և Oletti ապրանքանիշերով։ Գործարանը արտադրում է նաև տրիկոտաժից պատրաստված հագուստ։

Գործարանի ընդհանուր արտադրական տարածքը կազմում է 20 հազար քմ։ Ընկերությունն ունի 450 աշխատող, գործում է 30 ֆիրմային խանութ Հայաստանում։

Նախարարն այցելել է նաև 2017 թվականին հիմնադրված «ZAKARYAN JEANS» ընկերություն։ Ընկերության արտադրանքն աչքի է ընկնում հայկական և դասական ոճերի համադրմամբ։ Ամբողջ արտադրական գործընթացը վերահսկվում է Իտալիայից ժամանած մասնագետների կողմից։ Արտադրական հզորությունը կազմում է ամսական 20 հազար միավոր։

Նախարարը շրջել է նաև «Armtex Group» ՍՊԸ֊ում, որը հիմնադրվել է 2000 թ․-ին և մասնագիտացված է տրիկոտաժե ապրանքների արտադրության մեջ։ Կազմակերպությունն արտադրում է կանացի, տղամարդու, մանկական բարձրորակ ներքնաշորեր, արտահագուստներ, ինչպես նաև սրբիրչներ, ծածկոցներ և գլխարկներ: Գործարանում աշխատում է 120 դերձակ, հիմնական պատվիրատուները ՌԴ-ից և Կանադայից են։

Շրջայցի ընթացքում ընկերությունների ղեկավարները ներկայացրել են արտադրական գործընթացը, ընկերությունների կարողություններն ու ներդրված սարքավորումները։

Քննարկվել են արտադրության ընդլայնմանն ու առաջմղմանը, արտահանման դիվերսիֆիկացմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև պետության կողմից տրամադրվող պետական օժանդակության մեխանիզմներին։