Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. մարտի 24-28-ն ընկած ժամանակահատվածում ամեն օր իրականացվել են դոլարային, և երեք անգամ ռուբլով գործարքներ, իսկ եվրոյով գործարքներ այս շաբաթ էլ չեն հայտնվել։ Արդյունքում՝ դոլարային գործարքների շաբաթական միտումը 21% անկումից հասել է 31% աճի, իսկ ռուբլով գործարքների անկումը պահպանվել է՝ տեմպերի 3%-ից մինչև 30,3% արագացմամբ: Արդյունքում՝ դոլարային գործարքների շաբաթական ծավալի գերակայությունը ռուբլով գործարքների նկատմամբ աճել է 1,3-ից մինչեւ 2,5 անգամ։
Դրան զուգընթաց, արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (24-28.03.25-ը ' 17-21.03.25-ի համեմատ) դոլարի առքուվաճառքը շարունակել է աճել, եվրոյով գործարքներում առքի անկումը պահպանվել է, անկում է դրսեւորել նաեւ վաճառքի թրենդը, իսկ ռուբլու գործարքներում առքուվաճառքի թրենդը պատկառելի աճից շրջադարձ է կատարել դեպի արտահայտված անկում։
Արդյունքում՝ ս.թ. մարտի 24-28-ն ընկած ժամանակահատվածում դրամը սկսել է արժևորվել ինչպես դոլարի նկատմամբ' 392-ից մինչև 391 դրամ/1դոլար, այնպես էլ եվրոյի նկատմամբ' 426,3-ից մինչև 422,8 դրամ/1եվրո' զուգահեռաբար շարունակելով արժեզրկվել ռուբլու նկատմամբ' 4,56-ից մինչև 4,63 դրամ/1ռուբլի: Մեկ տարի առաջ ՝ 2024թ. մարտի 28-ին դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 392,3 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ՝ 425,5 դրամ/1եվրո, իսկ ռուբլու նկատմամբ՝ 4,22 դրամ/1ռուբլի, ինչը ներկայիս փոխարժեքների համեմատ վկայում է դոլարի և եվրոյի նկատմամբ դրամի տարեկան արժևորման մասին՝ ռուբլու նկատմամբ արժեզրկման պարագայում։