
Արմինֆո. Հունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 8814 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1629 քաղաքացի) ետ է ստացել 816 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +148 միլիոն դրամ): Այդ մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
«Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 92,6 հազար դրամ է», - գրել է Փաշինյանը:
Հիշեցնենք, որ եթե դուք ՀՀ ռեզիդենտ քաղաքացի եք և արդեն ներկայացրել եք տարեկան եկամուտների հայտարարագիր, ապա կարող եք օգտվել ձեր եկամտահարկից սոցիալական ծախսերը փոխհատուցելու հնարավորությունից: Այս հնարավորությունը վերաբերում է ինչպես ձեր, այնպես էլ ձեր ընտանիքի անդամների (ամուսնու, ծնողների և երեխաների) կատարած սոցիալական ծախսերին։ Դուք կարող եք փոխհատուցում ստանալ, եթե հաշվետու տարվա ընթացքում կատարել եք կրթության և (կամ) առողջապահության հետ կապված սոցիալական ծախսեր: