
Արմինֆո. Միաժամանակ ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում գտնվելն անհնար է, բայց դա Հայաստանի գործն է, նա պետք է որոշի, թե որտեղ է ավելի լավ լինել: "ՌԻԱ Նովոստի"-ին այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
"Մենք համոզված ենք, որ անհնար է միաժամանակ լինել երկու տարբեր ուղղվածության միավորումներում, ինչպիսիք են ԵԱՏՄ-ը և Եվրամիությունը", - ասել է Գալուզինը:
Նա ընդգծել է, որ ԵԱՏՄ-ն իրավահավասար պետությունների միավորում է, իսկ ԵՄ-ը մի կառույց է, որտեղ "տիրում է մահակային կարգապահություն, որը ենթակա է հակառուսական նարատիվներին, որոնք տալիս են իրականությունից կտրված բրյուսելյան բյուրոկրատները":
"Պաշտոնական Երևանի գործն է՝ որոշել, թե որտեղ է ավելի լավ լինել։ Մենք հույս ունենք, որ հայ հասարակությանը կպարզաբանվեն ԵԱՏՄ-ին անդամակցության բոլոր օգուտները և ԵԱՏՄ-ի հետ խզման հետևանքով կորուստների մասշտաբները, որպեսզի հայ հասարակությունն օբյեկտիվ պատկերացում ունենա իրականության մասին", - նշել է Ռուսաստանի փոխնախարարը։
Գալուզինը հավելել է, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է, որն ինքնուրույն է ընտրում իր զարգացման վեկտորը:
Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ դիվանագետն ընդգծել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը բոլոր արդիական հարցերը քննարկում են անկեղծության մթնոլորտում:
"Մենք Հայաստանի հետ դաշնակիցներ ենք, ռազմավարական գործընկերներ։ Այդ պատճառով մենք անկեղծության եւ վստահության մթնոլորտում քննարկում ենք մեր օրակարգի բոլոր արդիական հարցերը", - ասել է նա, պատասխանելով գործակալության հարցին, թե՝ արդյոք Մոսկվան պարզաբանումներ է խնդրել Երեւանից՝ Եվրամիությանն անդամակցելուն Հայաստանի խորհրդարանի հավանության առնչությամբ։
Մարտի 26-ին Հայաստանի խորհրդարանը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է Եվրամիությանն անդամակցելու մտադրության մասին օրինագիծը: Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, երկու աթոռի վրա նստել չի հաջողվի: