Արմինֆո. ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր հեռավար ձևաչափով մասնակցել է Վերականգնման վարկերի բանկի (KFW) Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի գլխավորությամբ հանդիպմանը։
ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, հանդիպմանը մասնակցում էին նաև Տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը, KFW բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանը և այլ գործընկերներ։
Հանդիպման ժամանակ քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։
Մասնավորապես՝ Կապսի ջրամբարի ծրագրի իրականացման ընթացքի, ծրագրում առաջընթաց ապահովելու խնդիրները։ Անդրադարձ է կատարվել նաև Համայնքային ենթակառուցվածքների զարգացման ծրագրին։
Հիշեցնենք, որ 1988-ի երկրաշարժի հետևանքով կիսակառույց Կապսի ջրամբարը՝ 110 մլն խմ նախագծային հզորությամբ, գտնվում է Շիրակի մարզում՝ Գյումրի քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք ՝ Ախուրյան գետի հովտում: 2020 թվականի օգոստոսի 27-ին ՀՀ կառավարությունը հաստատել է "Ջրային ռեսուրսների համակցված կառավարում/Ախուրյան գետ, Փուլ 1" ծրագրի շրջանակներում հողերի ձեռք բերման և վերաբնակեցման գործողությունների ծրագիրը, որով կառուցվելու է Կապսի ջրամբարը: 2023 թվականի մայիսի 18-ին պաշտոնապես դրվել է ջրամբարի հիմքը ։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 95.2 մլն եվրո, այդ թվում փոխառու միջոցները ՝ 68.5 մլն եվրո: Շինարարությունը կիրականացնի Չինական Shanxi Construction Investment Group ընկերությունը։ Կբարձրանա նաև Շիրակի մայրուղային և Ախուրյանի աջափնյա ջրանցքների ջրապահովման մակարդակը և դրանց կառավարման տակ գտնվող շուրջ 17 000 հա հողատարածք: Բացի այդ, հնարավորություն կստեղծվի 2280 հա հողատարածքի մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոս ոռոգմամբ, ինչը թույլ կտա տարեկան տնտեսել 1,3 մլն կվտ ժամ էլեկտրաէներգիա: Ջրամբարի 60 մլն խմ ծավալով հնարավոր կլինի Շիրակի մարզի ոռոգելի հողատարածքներն ավելացնել ևս 920 հա-ով, իսկ Արագածոտնի մարզի Թալինի շրջանում շուրջ 6600 հա հողերի մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոսով, ինչը թույլ կտա տարեկան խնայել 11 մլն կվտ / ժ էլեկտրաէներգիա: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից: