Չորեքշաբթի, 9 Ապրիլի 2025 12:00
Նաիրա Բադալյան

ԱԺ կառավարող խմբակցությունն առաջարկում է հետաձգել ֆիզիկական անձանց հայտարարագրերի ներկայացման ժամկետը

ԱԺ կառավարող խմբակցությունն առաջարկում է հետաձգել ֆիզիկական անձանց հայտարարագրերի ներկայացման ժամկետը

Արմինֆո.  ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը շրջանառության մեջ է դրել օրինագիծ, որով նախատեսվում է հետաձգել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրերի ներկայացման ժամկետը:

 

Մասնավորապես, ինչպես նշել է ինքը՝ Թունյանը սոցցանցում, մայիսի 1-փոխարեն այս տարի լրացնողները (2024 թվականի եկամուտների համար) հայտարարագիր կարող են ներկայացնել մինչեւ նոյեմբերի 1-ը։

 

«Հաջորդ տարի լրացնողները (2025 թվականի եկամուտների համար) հայտարարագիր կարող են ներկայացնել մարտի 2-ից մինչեւ նոյեմբերի 1-ը։

 

Հաջորդ տարիների համար հայտարարագրի ներկայացման ժամկետ կսահմանվի մարտի 2-ից մինչեւ հուլիսի 1-ը։

 

Հաշվի առնելով թեմայի հնչեղությունն ու վերջնաժամկետների հետ կապված հարցերը՝ տեղեկացնեմ, որ նախագիծը արտահերթ նիստով եւ արագացված ընթացակարգով կընդունենք մինչև այս ամսվա վերջ։

Մնացածը մանրամասները կներկայացնենք նիստի ընթացքում», - գրել է Թունյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։

 

Հիշեցնենք, որ հանրապետության բոլոր ռեզիդենտ քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը սկսվել է 2023 թվականից ։ Գործընթացը կազմակերպվում է երեք փուլով, տարեցտարի ավելանալու է այն մարդկանց շրջանակը, որոնք պարտավոր են հայտարարագիր ներկայացնել։ Համակարգի ներդրումը կավարտվի 2025 թվականին։

 

Առաջին փուլում 2023 թվականի եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեին այն քաղաքացիները, որոնք 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ զբաղեցնում են համայնքային կամ պետական պաշտոններ ՝ համաձայն <Հանրային ծառայության մասին>օրենքի ։ Բացի այդ, առաջին փուլում ընդգրկվել են 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների մասնակիցներ (բաժնետերեր, բաժնային սեփականատերեր, անդամներ) հանդիսացող ՀՀ քաղաքացիները, ովքեր 2022 թվականի արդյունքներով հայտարարագրել են 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ, ինչպես նաև այն քաղաքացիները, ովքեր "Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին" ՀՀ օրենքի նախագծով համարվում են իրական շահառու, ինչպես նաև նրանք, ովքեր 2023 թվականին ստացել են 20 մլն դրամ եւ ավելի փոխառություն:

 

2024 հաշվետու տարվա համար մինչև ս.թ. մայիսի 1-ը եկամտահարկի տարեկան հաշվարկ- հայտարարագիր պարտավոր էին ներկայացնել ինչպես նախորդ հաշվետու տարվա (2023թ.) հայտարարագիր ներկայացրած անձինք, այնպես էլ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիների նոր խմբեր: Մասնավորապես, 2024 թվականի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատող համարվող և հարկվող եկամուտ ստացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: 2025 թվականից հայտարարագրեր պետք է ներկայացնեն երկրի ռեզիդենտ բոլոր այն չափահաս քաղաքացիները, որոնք չեն ընդգրկվել նշված երկու խմբերում։