Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱՄԷ-ում հանդիպել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության փոխվարչապետ Գիլեն Նյեմբո Մբվիզյայի հետ։
Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես, չմշակված ալմաստի մատակարարման ռազմավարական ոլորտում։
Այս համատեքստում Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ հայկական կողմը հատկապես շահագրգռված է քննարկել կայուն և կանխատեսելի մատակարարման ուղիների ստեղծման հնարավորությունները, միջկառավարական համաձայնագրի (G2G) ստորագրման հնարավորությունները, որը երկարաժամկետ համագործակցության շրջանակ կապահովի, Կոնգոյի և Հայաստանի ադամանդագործների միջև։
«Մենք փնտրում ենք ոչ թե կարճաժամկետ շահույթ, այլ վստահության և ընդհանուր արժեքի վրա հիմնված կայուն և փոխշահավետ գործընկերություն», - նշել է Գևորգ Պապոյանը:
Նախարարը նաև ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ավելի լայն տնտեսական համագործակցության կարևոր բաղկացուցիչ։
Նշենք, որ Մաքսային ծառայության վերջին տվյալներով (2024թ. առաջին կիսամյակ) Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը ներառված է միայն ներմուծման երկրների ցանկում։ Մասնավորապես, հաշվետու ժամանակահատվածում Կոնգոյի ԴՀ-ից ներկրվել է 18 կենդանի՝ 900 դոլար ընդհանուր մաքսային արժեքով։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի արտաքին առևտրում թանկարժեք մետաղներին և քարերին առնչվող գործարքները 2025 թվականից սկսել են նվազել՝ հունվար-փետրվարին ընդհանուր ծավալով կազմելով 20% (558.2 մլն դոլար)՝ մեկ տարի առաջվա 61.6% - ի (3.6 մլրդ դոլար) դիմաց։ Ապրանքների այս կատեգորիան էլ դարձել է երկրի արտաքին առևտրաշրջանառության տարեկան դինամիկայի վատթարացման հիմնական պատճառը, որը 200 տոկոս աճից նվազել է մինչև 52 տոկոս անկում։
Այսպես, 2025 թվականի հունվար-փետրվարին թանկարժեք մետաղների և քարերի ներմուծման և արտահանման մասնաբաժինը ընդհանուր առևտրաշրջանառությունում նվազել է, համապատասխանաբար, մինչև 13,5% և 31,1%, մինչդեռ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 55% և 70%։
Ըստ ծավալների՝ հաշվետու ժամանակահատվածում 234.9 մլն դոլարի արտադրանք է ներմուծվել, և արտահանվել է՝ 323.3 մլն դոլարի. մեկ տարվա ընթացքում այդ արտադրանքի ներմուծումը նվազել է 86.7% - ով, իսկ արտահանումը՝ 82.1% - ով: