Արմինֆո.Հարավկովկասյան երկաթուղու (ՀԿԵ) 2025 թվականի ներդրումային ծրագիրը կկազմի ավելի քան 2 մլրդ դրամ (ավելի քան 5 մլն դոլար - խմբ.): Այդ մասին հաղորդել է ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը' Երևանում "Պեռվոզդաննայա Ռոսիա" ֆոտոցուցահանդեսի բացման շրջանակում ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:
Մելնիկովի խոսքով՝ հիմնական ուշադրությունը կհատկացվի երկաթուղային ենթակառուցվածքներում, այդ թվում ՝ շարժակազմում միջոցների ներդրմանը: Նա նաև նշել է, որ ներդրումների մի մասն ուղղվելու է անցած տարի Լոռու մարզում վթարային վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Մասնավորապես, նախատեսվում է ավելի քան 400 միլիոն դրամ հատկացնել Դեբետ գետի ազդեցության տակ գտնվող տարածքներում ենթակառուցվածքների և հողային շերտի ամրացման համար: "Դա մեծ աշխատանք է, և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի կառավարության մեր գործընկերներին այն նշանակալի աշխատանքի համար, որն այժմ իրականացվում է, ներառյալ Դեբետի հունի մաքրումը", - ընդգծել է Մելնիկովը:
ՀԿԵ գլխավոր տնօրենն անդրադարձել է նաև ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ցուցանիշներին, նշելով, որ ներկայում զգալի նվազում է դիտվում ինչպես բեռների, այնպես էլ ուղևորների հոսքի գծով: Նրա խոսքով՝ դա պայմանավորված է ընթացիկ տարում Հայաստանում զբոսաշրջային ակտիվության անկմամբ։ Այնուամենայնիվ, Մելնիկովը հույս է հայտնել, որ ամառային սեզոնի սկսվելուն պես զբոսաշրջիկների թիվը կավելանա, և նրանք կօգտվեն երկաթուղու ծառայություններից: "Մենք հաճույքով զբոսաշրջիկներին Երևանից կտեղափոխենք Գյումրի, Սևանի ափին գտնվող Շորժա, ինչպես նաև՝ Երևանից Թբիլիսի։ Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ ուղևորներին գրավելու և առավելագույն հարմարավետություն ապահովելու համար: Երկաթուղայինը երբեք չպետք է գոհ լինի իր աշխատանքից. մեր պերֆեկցիոնիզմը պետք է մեզանից առաջ լինի: Մենք պետք է ձգտենք ավելացնել ուղևորների և բեռների քանակը", - հայտարարել է ՀԿԵ գլխավոր տնօրենը։
Միաժամանակ, նա վստահեցրել է, որ ընկերությունն ակտիվորեն աշխատում է բեռնափոխադրումների ծավալների ավելացման ուղղությամբ՝ ձգտելով համագործակցություն կազմակերպել Հայաստանի տարածքում նոր ձեռնարկությունների հետ։ Գործընկերների թվում նա հիշատակել է այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Հրազդանի մետալուրգիական գործարան մետաղի փոխադրմամբ զբաղվող "Տաշիրը", ինչպես նաև Հայաստանի խոշորագույն ընկերությունները, ինչպես՝ "Ապավենը" և "Մետաքսը", որոնց հետ իրականացվում է պղնձի խտանյութի փոխադրում:
"Վերջերս, օրինակ, նոր մետալուրգիական գործարան է գործարկվել Արարատում։ Մենք արդեն սկսել ենք համագործակցել ենք նրա ղեկավարության հետ և առաջարկում ենք մեր ծառայությունները ինչպես մետալուրգիական գործարանի հումքի, այնպես էլ պատրաստի արտադրանքի փոխադրման համար: Ընդ որում, չնայած այն հանգամանքին, որ մենք շարունակում ենք փոխադրումներ իրականացնել, սակայն բախվում ենք ավտոտրանսպորտի կողմից բարձր մրցակցության", - նշել է ՀԿԵ գլխավոր տնօրենը։
Մելնիկովն այդ առումով պարզաբանել է, որ ավտովարորդները կարիք չունեն ներդրումներ կատարել ենթակառուցվածքներում, ինչը նրանց թույլ է տալիս ավելի ցածր սակագներ սահմանել, քանի որ պետությունն իր վրա է վերցնում ավտոմոբիլային փոխադրումների ծախսերի մեծ մասը, մինչդեռ, երկաթուղային ենթակառուցվածքի պահպանման բոլոր ծախսերը կրում է հենց ընկերությունը: "Ավտոմոբիլիստը կարող է իրեն թույլ տալ նվազեցնել արժեքը և կողմնորոշվել բացառապես իր վառելիքի և մեքենայի վերանորոգման գնով։ Իսկ մենք պետք է հաշվի առնենք բոլոր ծախսերը, ներառյալ երթևեկության անվտանգության ապահովումը, ինչը մեր առաջնահերթությունն է։ Դա բարդ և աշխատատար գործընթաց է: Այնուամենայնիվ, մենք հնարավոր ամեն ինչ անում ենք երկաթուղի բեռների առավելագույն ծավալ ներգրավելու համար և կշարունակենք այդ աշխատանքը", - ամփոփել է Մելնիկովը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսին Հայաստանի հյուսիսում տեղացել էին հորդառատ անձրևներ, որոնք հանգեցրել էին Դեբեդ և Աղստև գետերի վարարման՝ ջրհեղեղներ առաջացնելով Լոռու և Տավուշի մարզերում։ Տարերային աղետի հետևանքով ավերվել էին մի շարք ճանապարհներ և կամուրջներ, Հայաստանը Վրաստանին կապող երկաթուղին, հեղեղվել էին բնակելի շենքեր: