Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ վերահսկողության գործառույթը փոխանցվելու է ՀՀ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությանը: "Պետական վերահսկողական ծառայության մասին" օրենքում եւ հարակից օրենքների փաթեթում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվում է ՀՀ Ազգային ժողովի ապրիլի 18-ի լիագումար նիստում:
ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի ասելով՝ անհրաժեշտ օրենսդրական կարգավորումների արդյունքում տվյալ գործառույթն իրականացնող ստորաբաժանումը լուծարվելու է նախարարության կազմից: Նշված գործառույթը կիրականացնի ՊՎԾ կազմում հատուկ այդ նպատակով ձեւավորվող մասնագիտացված նոր ստորաբաժանումը՝ Ֆինանսաբյուջետային հսկողության վարչությունը:
Նրա գնահատմամբ այս փոփոխություններով ավելի արդյունավետ կդառնա պետական բյուջեի նկատմամբ հսկողության գործընթացը:
ԱԺ հաղորդագրության համաձայն, օրենսդրական փաթեթով առավել հստակեցված են ծառայության լիազորությունների իրացման, վերահսկողական երկու հիմնական գործիքակազմերի՝ ուսումնասիրությունների եւ մշտադիտարկումների իրականացման ընթացակարգերը: Ծառայության գործունեության բնականոն ընթացքն ապահովելու համար կլինեն հիմնական երկու լիազորությունների՝ ուսումնասիրությունների ու մշտադիտարկումների իրականացման համար անհրաժեշտ ընթացակարգերը՝ յուրաքանչյուրը հստակ իրավական գործիքակազմերով:
«Պետական վերահսկողական ծառայության մասին» գործող օրենքով ծառայությունը պետական վերահսկողության շրջանակում եւ օրենքով սահմանված կարգով իր լիազորությունների շրջանակում Սահմանադրությամբ եւ օրենքներով ստեղծված պետական կառավարման համակարգի մարմին չհանդիսացող մարմիններում իրականացնում է ուսումնասիրություններ՝ բացառապես պետական միջոցների կառավարման օրինականության վերահսկողության նպատակով: Նոր նախագծով այդ մարմինները դուրս են բերվել ՊՎԾ վերահսկողական լիազորությունների շրջանակից եւ ծառայության կողմից ինքնավար մարմիններում որեւէ վերահսկողական գործառույթ չի նախատեսվում: Այսպիսով՝ ծառայության կողմից իրականացվող վերահսկողական գործիքակազմերի ամբողջական ծավալը միայն պետական կառավարման համակարգի մարմիններին եւ դրանց ենթակա հիմնարկներին է վերաբերելու: Վերահսկվող օբյեկտ է նախատեսվել նաեւ Վարչապետի աշխատակազմը՝ պետական միջոցների կառավարման օրինականության վերահսկողության մասով: Մարզպետների աշխատակազմերը եւս վերահսկողության օբյեկտ են նախատեսվել:
Գործող օրենքով ծառայությունը ՏԻՄ-երում իրականացնում է ուսումնասիրություններ՝ պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով: Նոր կարգավորմամբ ՏԻՄ մարմիններում վերահսկողություն իրականացվելու է նաեւ պետական բյուջեից համայնքներին տրված ֆինանսական միջոցների կառավարման օրինականության նկատմամբ՝ ի թիվս դրանց տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման գործառույթի: Խոսքը բացառապես այդ միջոցների կառավարման օրինականությանն է վերաբերում: Ըստ ՊՎԾ ղեկավարի՝ այդ միջոցների կառավարման, այդ թվում՝ ծախսման հայեցողությունը եւ դրանց բովանդակային վերահսկողությունը բացառապես ՏԻՄ լիազորությունների շրջանակում է:
Ծառայության լիազորությունների շրջանակում պետական կառավարման համակարգի մարմիններին ենթակա հիմնարկներում գնումների գործընթացները կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ իրականացվող վերահսկողության շրջանակում ընթացիկ մշտադիտարկման տիրույթում են պահվելու նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններին եւ համայնքներին ենթակա գործող հիմնարկներում իրականացվող հանրային գնումների գործընթացները՝ վերահսկելու դրանց համապատասխանությունը գործող օրենսդրությանը: Այդ գործառույթները եւս իրականացվելու են բացառապես օրինականության վերահսկողության նպատակով՝ առանց միջամտելու ՏԻՄ-երի ինքնուրույնությանը:
Նախատեսված հաջորդ կարգավորմամբ այսուհետ ՊՎԾ-ի կողմից վերահսկողական լիազորությունների իրականացման ընթացքում ծառայության գործունեությանը չխոչընդոտելու համար կստեղծվեն օրենսդրական երաշխիքներ՝ վարչական պատասխանատվության միջոցով: Նախագծով կանոնակարգվել են նաեւ ծառայության բնականոն եւ արդյունավետ գործունեության համար խիստ անհրաժեշտ որոշակի գաղտնիք համարվող տվյալների ստացման եւ մշակման ընթացակարգերը՝ համաձայն գործող օրենսդրության: