Երեքշաբթի, 22 Ապրիլի 2025 16:39
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանը կարող է կորցնել ԵԱՏՄ-ի օգուտները, եթե Արևմուտքը նրան ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ. ՌԴ փոխարտգործնախարար

Հայաստանը կարող է կորցնել ԵԱՏՄ-ի օգուտները, եթե Արևմուտքը նրան ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ. ՌԴ փոխարտգործնախարար

Արմինֆո. Հայաստանը կարող է կորցնել ԵԱՏՄ-ի օգուտները, եթե Արևմուտքը ներքաշի նրան իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն, պարզաբանելով, թե արդյոք Մոսկվայում անհանգստություն է առաջացնում ԵՄ-ին անդամակցելու Երեւանի ձգտումը:

 

"Բնականաբար, մտահոգիչ է դեպի ԵՄ Հայաստանի ձգտումը, քանի որ նման ձգտումն անհամատեղելի է ԵԱՏՄ-ին այդ երկրի անդամակցության հետ, եւ հայ գործընկերների հետ մեր բազմաթիվ շփումներում մենք այդ մասին խոսում ենք", - ըստ ՏԱՍՍ-ի՝ նշել է դիվանագետը:

 

Նա նաև հիշեցրել է, որ ԵԱՏՄ-ին մասնակցության շնորհիվ Հայաստանը զարգանում է դինամիկ փուլերով, տնտեսության աճ է դիտվում երկրի համար առանցքային բոլոր բնագավառներում: "Եվ դա վիթխարի նվաճում է, որը Հայաստանը կարող է կորցնել, եթե Արեւմուտքը նրան ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղի մեջ՝ փորձելով պոկել Հայաստանը Ռուսաստանից և մյուս բնական դաշնակիցներից", - ընդգծել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։

 

Հիշեցնենք, որ հունվարի 9-ին  ՀՀ կառավարությունը հավանություն է տվել "Եվրաքվե" քաղաքացիական նախաձեռնության առաջարկած՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծին: Մարտի 26-ին Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է այդ օրինագիծը, որն ապրիլի սկզբին  ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Մոսկվայում հայտարարել են, որ Ռուսաստանը Հայաստանին տեղեկացրել է, որ Եվրասիական տնտեսական միությանը և Եվրամիությանը միաժամանակյա անդամակցությունն անհնար է: