Ուրբաթ, 25 Ապրիլի 2025 15:26
Ալինա Հովհաննիսյան

Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման ֆինանսավորման հարցը լիովին փակված է՝ բացառությամբ Բագրուշատի թունելի. ընթանում են բանակցություններ

Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման ֆինանսավորման հարցը լիովին փակված է՝ բացառությամբ Բագրուշատի թունելի. ընթանում են բանակցություններ

Արմինֆո.Քննարկվել է Սիսիանի եւ Քաջարանի միջեւ 60 կմ երկարությամբ ճանապարհի կառուցմանն ուղղված ֆինանսական պայմանագիրը:

 

ԱԺ հաղորդագրության համաձայն, նախագծով առաջարկվում է վավերացնել Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2024 թվականի նոյեմբերի 12-ին ստորագրված՝ «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1 ֆինանսական պայմանագիրը:

 

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի տեղեկացմամբ փաստաթղթով բանկը Հայաստանին կտրամադրի մինչեւ 236 մլն եվրո գումար: Նախատեսված միջոցներն ուղղվելու են ՀՀ Սյունիքի մարզում Սիսիանի եւ Քաջարանի միջեւ նոր 60 կմ երկարությամբ ճանապարհի կառուցման ծրագրի ֆինանսավորմանը:

 

Ըստ փոխնախարարի՝ ծրագիրը կիրականացվի երեք ենթահատվածներով՝ հյուսիսային ենթահատված (Հյուսիսային ճանապարհահատված՝ Սիսիանից մինչեւ Շենաթաղ)՝ 27.1 կմ  երկարությամբ, Բարգուշատի թունել՝ 8.6 կմ երկարությամբ եւ հարավային ենթահատված` 24.25 կմ երկարությամբ:

 

«Պայմանագրով նախատեսված միջոցներով կֆինանսավորվի ծրագրի հյուսիսային եւ հարավային ենթահատվածների կառուցումը»,- ընդգծել է զեկուցողը եւ հավելել, որ ծրագիրը կհամաֆինանսավորվի նաեւ Վերակառուցման զարգացման եվրոպական բանկի կողմից:

 

Ծրագրի շրջանակում միայն հյուսիսային եւ հարավային հատվածներում կկառուցվեն 3 երթեւեկելի գոտիներով ճանապարհ, 4.7 կմ երկարությամբ 27 կամուրջ, շուրջ 4 կմ ընդհանուր երկարությամբ 8 թունել:

Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչեւ 2033 թվականի դեկտեմբերը:

 

Կառավարության ներկայացուցիչը նաեւ պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով ծրագրի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ:

 

Նախաձեռնությունը քննարկվել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 25-ի արտահերթ նիստում եւ ստացել է դրական եզրակացություն: