Շաբաթ, 26 Ապրիլի 2025 12:08
Կարինա Մելիքյան

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկան 2025թ. ապրիլի 21-25-ն աշխատել է ընդամենը երկու օր՝  միայն ռուբլով գործարքների առնչությամբ

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկան 2025թ. ապրիլի 21-25-ն աշխատել է ընդամենը երկու օր՝  միայն ռուբլով գործարքների առնչությամբ

Արմինֆո.  Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկան 2025թ. ապրիլի 21-25-ն աշխատել է ընդամենը երկու օր և միայն ռուբլով գործարքների առնչությամբ: Դոլարային գործարքներ այդ ժամանակահատվածում չեն իրականացվել, իսկ եվրոյով գործարքներ չեն իրականացվում արդեն մեկուկես ամիս։ Արդյունքում՝ ռուբլով գործարքների շաբաթական միտումը 2,1 անգամ էական աճից շրջադարձ է կատարել դեպի 55% անկում:

 

Դրան զուգընթաց, արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (21-25.04.25-ը ' 14-18.04.25-ի համեմատ) դոլարի առքուվաճառքն անկում է ապրել, ինչը դիտվել է նաև եվրոյի և ռուբլու առքի պարագայում, որի թրենդը նույնպես ծավալվել է աճից դեպի անկում է, մինչդեռ, եվրոյի և ռուբլու վաճառքի թրենդը, ընդհակառակը, անկումից հասել է աճի։

 

Արդյունքում, ս.թ. ապրիլի 21-25 - ն ընկած ժամանակահատվածում դրամը շարունակել է արժևորվել դոլարի նկատմամբ' 390-ից մինչև 389,3 դրամ/1դոլար, միաժամանակ տրամադրվելով արժևորման ինչպես եվրոյի նկատմամբ' 444-ից մինչև 441 դրամ/1եվրո, այնպես էլ ռուբլու նկատմամբ' 4,71-ից մինչև 4,64 դրամ/1ռուբլի: Մեկ տարի առաջ՝ 2024թ. ապրիլի 25-ին դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 388,5 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ՝ 417,5 դրամ/1եվրո, իսկ ռուբլու նկատմամբ՝ 4,16 դրամ/1ռուբլլի, ինչը ներկայիս փոխարժեքների համեմատ վկայում է դրամի տարեկան արժեզրկման մասին՝ և դոլարի, և եվրոյի, և ռուբլու նկատմամբ։