Արմինֆո. ՀՀ քաղաքաշինության կոմիտեն առաջարկում է ՀՀ շինարարական ընկերությունների համար ստեղծել վարկանիշային համակարգ, որը կապահովի թափանցիկություն, մրցունակ զարգացում և միջազգային ներդրումների ներգրավում: Օրինագիծը ներկայացվել է իրավական ակտերի միասնական պորտալում՝e-draft.am:
Ինչպես ասվում է փաստաթղթի հիմնավորման մեջ, նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քաղաքաշինության ոլորտում գործարար միջավայրի բարելվմանն ուղղված հետևողական քայլերի շարունակականության ապահովման, լիցենզավորման ընթացակարգերի հետագա կանոնակարգման ու պարզեցման, ինչպես նաև լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների վարկանիշավորման գործընթացի ճիշտ կազմակերպման անհրաժեշությամբ: Լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների վարկանիշավորման ու մոնիթորինգի իրականացման կարգն առանցքային նշանակություն ունի Օրենքի կիրարկման ու հետագա ողջ գործընթացների համար:
Նշվում է, որ ներկայում Հայաստանի Հանրապետությունում չկա սահմանված լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների վարկանիշավորման և մոնիթորինգի իրականացման պայմաններ ու պահանջներ, չի իրականացվում վարկանիշավորման և մոնիթորինգի իրականացման գործընթաց:
Նախագծով սահմանված վարկանիշավորման և մոնիթորինգի իրականացման կարգը տարածվում է լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների վրա՝ խոշոր (տարեկան շրջանառություն՝ 10+ միլիարդ դրամ), միջին (2-10 միլիարդ դրամ) և փոքր (2 միլիարդ դրամից պակաս):
Սույն նախագծով առաջարկվում է սահմանել լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների վարկանիշավորման և մոնիթորինգի իրականացման պայմաններ ու պահանջներ, որոնք նպատակ ունեն ստեղծել քաղաքաշինական գործունեության որակի գնահատման վերլուծության և արդյունքների գրանցման հնարավորություն լիցենզավորված տնտեսվարող սուբյեկտների շրջանակներում:
Լիցենզավորված անձանց վարկանիշավորումը քաղաքաշինության գործունեության վերահսկմանն ու բարելավմանն ուղղված տվյալների հավաքագրման, որակի գնահատման, վերլուծության և արդյունքների գրանցման միջոցառումների համախումբ է, որի հիմնական նպատակներն են՝
-լիցենզավորված անձանց կողմից մատուցվող աշխատանքների կամ ծառայությունների կայուն որակի ապահովումը,
-պատվիրատուի կողմից լիցենզավորվածանձանց ընտրությանն աջակցելը,
-լիցենզավորված անձանց գործունեության մրցունակության բարձրացմանն աջակցելը:
Վարկանիշավորումն իրականացվելու է հավաքված տեղեկատվության վերլուծության հիման վրա՝ բնութագրելով կազմակերպության գործունեությունը, որը կազմված է տարբեր բաղադրիչներց (վարչական տույժեր, պատշաճ կատարված աշխատանքներ, BIM տեխնոլոգիաների կիրառություն, հարկային պարտավորությունների կատարում, մասնագիտական հմտությունների զարգացում և այլն):
Հիշեցնենք, որ դեռևս 2022 թվականի հունիսի 17-ին կառավարության նիստում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հայտարարել էր շինարարական ընկերությունների վարկանիշավորման համակարգ ստեղծելու ծրագրերի մասին՝ կատարված աշխատանքի որակին առնչվող խնդիրները լուծելու համար։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, իր հերթին, առաջարկել է ստեղծել համակարգ, որով հնարավոր կլինի գնահատել ընկերություններին և, անգամ, անբարեխիղճ կատարողներին ներառել "սև ցուցակում":