Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. մայիսի 5-8-ը դոլարային գործարքները կրճատվել են, իսկ ռուբլով գործարքներն՝ աճել։ Եվրոյով գործարքներ արդեն երկու ամիս չեն իրականացվում։ Մասնավորապես, ռուբլու գործարքների շաբաթական թրենդը ծավալվել է 22,2% անկումից դեպի 64,3% աճ, ինչին զուգընթաց 38,2%-ով կրճատվել են դոլարային գործարքները։ Արդյունքում՝ ռուբլու գործարքների ընդհանուր շաբաթական ծավալը սկսել է 1,3 անգամ գերակշռել դոլարային գործարքների նկատմամբ, մինչդեռ, մեկ շաբաթ առաջ պատկերը հակառակն էր, դոլարային գործարքները 2 անգամ գերակշռում էին ռուբլով գործարքների նկատմամբ։
Դրան զուգահեռ, արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (05-08.05.25, 28.04 - 02.05.25-ի համեմատ) դոլարի առքի անկումն արագացել է՝ վաճառքի միտման դեպի անկում շրջադարձի պայմաններում, եվրոյով գործարքներում առքուվաճառքի միտումը ծավալվել է աճից դեպի անկում է, իսկ ռուբլով գործարքների դեպքում և առքուվաճառքի անկումն արագացել է։
Արդյունքում, ս.թ. մայիսի 5-8 - ն ընկած ժամանակահատվածում դրամը դոլարի նկատմամբ աննշան ամրապնդվել է' 389,5-ից մինչև 389,3 դրամ/1դոլար, միաժամանակ թուլանալով ինչպես եվրոյի նկատմամբ' 441-ից մինչև 441,5 դրամ/1եվրո, այնպես էլ ռուբլու նկատմամբ' 4,64-ից մինչև 4,65 դրամ/1ռուբլի: Մեկ տարի առաջ ՝ 2024թ. մայիսի 8 - ին դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 388,8 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ՝ 418,5 դրամ/1եվրո, ռուբլու նկատմամբ՝ 4,18 դրամ/1ռուբլի, ինչը ներկայիս փոխարժեքների համեմատ վկայում է դրամի տարեկան արժեզրկման մասին՝ և դոլարի, և եվրոյի, և ռուբլու նկատմամբ։