Երկուշաբթի, 12 Մայիսի 2025 13:10
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում պատասխանատվության խիստ միջոցներ կկիրառվեն ծխախոտի տուփերի վրա ծխելու վնասակարության մասին պատկերների բացակայության համար

Հայաստանում պատասխանատվության խիստ միջոցներ կկիրառվեն ծխախոտի տուփերի վրա ծխելու վնասակարության մասին պատկերների բացակայության համար

Արմինֆո.Հայաստանի իշխանությունները ցանկանում են խստացնել վարչական պատասխանատվության միջոցները ծխախոտային արտադրանքի ձեռնարկությունների կողմից Եվրասիական տնտեսական միության պահանջները չպահպանելու համար: ՀՀ Ազգային ժողովը մայիսի 12-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխությունները:

 

Ինչպես իր ելույթում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, 2024 թվականի հունվարի 1-ից ԵՏՀ կոլեգիան ԵԱՏՄ երկրներին պահանջ է ներկայացրել ծխախոտի տուփերի վրա ծխելու վնասակարության մասին նախազգուշացնող պատկերներ տեղադրելու մասին։ Սակայն, 2024 թվականի ընթացքում մի շարք տեղական արտադրողներ տարբեր պատճառներով շարունակել են չպահպանել սահմանված պահանջները՝ արտադրանքը թողարկելով և տարածելով հին նմուշի փաթեթավորմամբ ՝ առանց գրաֆիկական նախազգուշացումների: Թեև տնտեսվարողներին ժամանակ է տրվել հարցը լուծելու համար, սակայն խնդիրը մնում է չլուծված: Նախարարի կարծիքով ՝ տվյալ դեպքում խոսքը անբարեխիղճ մրցակցային պրակտիկայի և հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասին է: Իսկ օրինապահ տնտեսվարող սուբյեկտները, առաջնորդվելով նոր կանոններով, ստիպված են ավելացնել ծախսերը ՝ միաժամանակ բարձրացնելով իրացման գինը։ Արդյունքում՝ շուկայում ստեղծված իրավիճակը մրցակցության անարդար պայմաններ է ստեղծել։

 

Ըստ Պապոյանի ՝ այս իրավախախտման համար գործող 400.000 դրամ տուգանքը էական ֆինանսական բեռ չէ բիզնես օպերատորների համար և նպաստում է ապօրինի պրակտիկայի շարունակմանը: Հայաստանի ծխախոտի շուկայում ավելի արդար մրցակցային միջավայր ապահովելու և խնդիրը օրինական լուծելու համար նախաձեռնվել է օրենսդրական փոփոխություն, որով առաջարկվում է ավելացնել տուգանքը՝ նախորդ տարվա ընթացքում ստացված հասույթի 1 տոկոսի չափով: