Հինգշաբթի, 15 Մայիսի 2025 11:34
Մարիաննա Մկրտչյան

Դիվանագետ. ԵՄ-ը նախատեսում է  2,36 մլրդ եվրո մոբիլիզացնել Հայաստանի համար տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակներում

Դիվանագետ. ԵՄ-ը նախատեսում է  2,36 մլրդ եվրո մոբիլիզացնել Հայաստանի համար տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակներում

Արմինֆո. Հայաստանի համար տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակներում ԵՄ-ն նախատեսում է 2,36 մլրդ եվրո մոբիլիզացնել տնտեսական դիվերսիֆիկացմանն աջակցելու համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։

 

"Ուրախ ենք առաջընթաց տեսնել Ինժեներական քաղաքի կառուցման գործում։ Մասնավոր հատվածի զարգացումը, նորարարությունը և ձեռներեցությունը առաջնահերթություն են ԵՄ համար։ Հայաստանի համար տնտեսական եւ ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսում ենք մոբիլիզացնել 2,36 մլրդ դրամ՝ աջակցելու տնտեսական դիվերսիֆիկացմանը, կայուն զարգացմանը եւ տնտեսական աճին", - գրել է Մարագոսը Twitter-ի (X) իր միկրոբլոգում:

 

Ավելի վաղ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հաղորդել էին, որ նախարար Մխիթար Հայրապետյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի հետ այցելել է "Ինժեներական քաղաք" և ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին:

 

"Ինժեներական քաղաքը" պետություն-մասնավոր գործընկերության ծրագիր է, որն իրականացվում է "Ձեռնարկությունների ինկուբատոր" հիմնադրամի կողմից՝ ՀՀ կառավարության ակտիվ և առանցքային աջակցությամբ՝ ի դեմս Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, համագործակցելով Ինժեներական ասոցիացիայի և մասնավոր հատվածի մի շարք ընկերությունների հետ: Ներկայումս ինժեներական քաղաքում ներգրավված են 30 ինժեներական և բարձր տեխնոլոգիական կազմակերպություններ և 350 աշխատակիցներ, հիմնականում՝ փորձառու ինժեներներ:

 

Հիշեցնենք, որ քաղաքի կառուցման մասին սկսել էին խոսել դեռևս 2017 թվականին։ Այն ժամանակ հաղորդվել էր, որ 20 մլն դոլար արժողությամբ նախագիծը կկառուցվի երեք տարվա ընթացքում Բագրևանդի 3 հա տարածքում։ Նշվել էր նաև, որ քաղաքի կառուցման համար ներդրումներ կտրամադրվեն շուրջ 16 մասնավոր ընկերությունների կողմից: Սակայն նախագիծը դեռ կյանքի չի կոչվել։