
Արմինֆո. Արևային էներգետիկայի ինտենսիվ զարգացումն ինքնին խնդրահարույց չէ։ Խնդիրն այն է, երբ այն արվում է առանց տեխնիկական հաշվարկի, առանց շուկայական երկարաժամկետ ռազմավարության: Նման տեսակետ է հայտնել էներգետիկայի ոլորտի փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Վահե Դավթյանը։
Փորձագետը հիշեցրել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարեց ՛՛Մասրիկ-1՛՛ արդյունաբերական արևային էլեկտրակայանի շահագործման թույլտվության մասին։ 55 ՄՎտ հզորությամբ այս կայանը միանում է արդեն գործող 72 կայաններին: Կառուցման փուլում է ևս 47-ը։ Եթե բոլոր նախագծերն ավարտվեն, Հայաստանում կգործի 119 արևային կայան՝ շուրջ 557 ՄՎտ դրվածքային հզորությամբ։
«Թվաբանական աճը, սակայն, ինքնին համակարգային որակ չի ապահովում։ Ավելին՝ այս տեմպով արևային հզորությունների ընդլայնումը տեղի է ունենում առանց էներգետիկ ենթահամակարգերի սինխրոնիզացման՝ ստեղծելով ոչ թե կայունություն, այլ ռիսկեր։
Պատահական չէ, որ Իսպանիայում վերջերս տեղի ունեցած խոշոր բլեքաութը ուղղակիորեն պայմանավորված է հենց նմանատիպ անհամակարգ ինտեգրման հետ։ Մոտ 2.2 ԳՎտ արևային հզորություն անսպասելիորեն դուրս է եկել ցանցից՝ ընդամենը վայրկյանների ընթացքում խաթարելով ամբողջ Պիրենեյան էներգահամակարգի աշխատանքը։ Նախնական վերլուծությունները մատնանշում են հենց արևային կայանների անհավասարակշիռ ինտեգրման խնդիրը։
Հայաստանն այս պահին շարժվում է նույն տրամաբանությամբ։ Չկա էլեկտրաէներգիայի պահեստավորման ռազմավարություն, իսկ ավանդական հզորությունների հետ սինխրոնիզացումը գրեթե բացակայում է։ Վերջին տարիներին շարունակ խոսվում է արևային հզորությունների գերհագեցվածության մասին, սակայն լիցենզավորումը շարունակվում է նույն ինտենսիվությամբ։
Արևային էներգետիկայի ինտենսիվ զարգացումն ինքնին խնդրահարույց չէ։ Խնդիրն այն է, երբ այն արվում է առանց տեխնիկական հաշվարկի, առանց շուկայական երկարաժամկետ ռազմավարության։ Առանց տնտեսություն-էներգետիկա կորելացման:
Այս պայմաններում ՛՛արևային պաթոսը՛՛ վերածվում է ոչ թե էներգետիկ անվտանգության, այլ ՛՛էներգետիկ անվստահության՛՛ աղբյուրի», - գրել է Վահե Դավթյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Հիշեցնենք, որ նախօրեին ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը ՀՀ Ազգային ժողովում հաղորդել էր, որ արդեն հաստատված նախագծերի իրականացման արդյունքում արդյունաբերական նշանակության արևային էլեկտրակայանների քանակը կաճի մինչև 119 ՄՎտ՝ հասնելով 577 ՄՎտ-ի: Հաշվի առնելով տների և ձեռնարկությունների տանիքներին տեղադրված ինքնավար արևային վահանակները՝ այդպիսի մինի կայանների ընդհանուր թիվն արդեն 31,2 հազար է: Դրանց ընդհանուր հզորությունը հասել է 420 ՄՎտ-ի և շարունակում է աճել, միջին հաշվով, ամսական 15 ՄՎտ-ով։ Արեգակնային արտադրության ընդհանուր ծավալը մոտ ժամանակներս կմոտենա 1000 ՄՎտ նշագծին և կշարունակի աճել:
Սակայն, ինչպես կարծում են փորձագետները, իրադարձությունների նման զարգացումը հղի է լուրջ խնդիրներով, քանի որ առանց էլեկտրաէներգիայի կուտակման համակարգերի առկայության իրավիճակը կարող է հանգեցնել կոլապսի։ Բացի այդ, արևային էներգետիկայի զարգացմանը զուգահեռ շատ կարևոր է պատրաստել նաև ենթակառուցվածքները, այդ թվում ՝ էլեկտրական ենթակայանները, որոնցից շատերը շարունակում են մնալ մաշված վիճակում, և լուրջ ներդրումներ են պահանջվում դրանց արդիականացման համար: