Արմինֆո.Մայիսի 15-ին Վիեննայում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն են․ հայկական կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, ավստրիական կողմից՝ Ավստրիայի Հանրապետության էկոնոմիկայի, էներգետիկայի և զբոսաշրջության դաշնային նախարարություն, տնտեսական հարցերի, նորարարության և միջազգային քաղաքականության գլխավոր տնօրեն Ֆլորիան Ֆրաուշերը։ Նիստի աշխատանքներին մասնակցել են երկու երկրի պետական կառույցների ներկայացուցիչներ։
Նիստի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել հանձնաժողովի հայկական և ավստրիական կողմի համանախագահները։ Երկուստեք նշվել է, որ Հանձնաժողովի հերթական նիստը գործնական հարթակ ու հիանալի առիթ է՝ բացահայտելու և կանոնավոր հիմքերի վրա դնելու երկկողմ կապերի նոր հնարավորությունները բազմաթիվ ոլորտներում։
Հայաստան-Ավստրիա երկկողմ օրակարգը հագեցած է առևտրի և ներդրումների, գյուղատնտեսության, ՓՄՁ, բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտային ենթակառուցվածքների և այլ ոլորտներում բազմաթիվ հեռանկարային ծրագրերով։
Միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքում ստորագրվել է նիստի արձանագրությունը, որով սահմանվել են հետագա համագործակցության ուղղություններն ըստ ոլորտների:
Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, Հայաստանի և Ավստրիայի միջև առևտրաշրջանառությունը 2025թ. հունվար-մարտին աճել է 16,4% - ով ՝ կազմելով 13.3 մլն դոլար: Մասնավորապես, արտահանումն աճել է 304.5 անգամ՝ մինչեւ 2.2 մլն դոլար, իսկ ներմուծումը նվազել է 2.8% - ով՝ մինչեւ 11.1 մլն դոլար: