Արմինֆո. Իրանից Հայաստան գազատարն ի սկզբանե տարանցիկ որևէ հնարավորություն չէր ենթադրում։ Այդ մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հայաստանյան մի շարք լրատվամիջոցների հետ հարցազրույցում։
Դիտարկմանը, թե, ըստ WikiLeaks-ի բացահայտումների, Սերժ Սարգսյանի փեսան ԱՄՆ դեսպանի հետ հանդիպման ժամանակ հավաստիացրել է, որ Իրան-Հայաստան գազատարը տարանցիկ խողովակաշար չի դառնա, ինչպես է իրականում, Քոչարյանն ասել է, որ տեղյակ չէ, թե ինչ բանակցությունների մասին է խոսքը:
"Ես նման բանակցությունների մասին տեղյակ չեմ, ես առաջին անգամ եմ լսում այն, ինչ դուք ասացիք։ Նախագահի փեսան որևէ առնչություն չի ունեցել և չէր կարող ունենալ իրանական գազատարի հետ։ Այդ գազատարն ի սկզբանե ոչ մի տարանցիկ հնարավորություն չէր ենթադրում", - նշել է նա։
Քաղաքական գործչի խոսքով՝ գազատարները հենց այնպես չեն կառուցվում, ուստի, պետք է ունենալ պայմանագրային համաձայնություններ, որտեղ նշված է, թե որքան գազ և որքան նավթ են գնելու: "Մենք կառուցել ենք այդ գազատարը, քանի որ իրանական կողմի հետ համաձայնագրեր ենք ստորագրել "գազն էլեկտրաէներգիայի դիմաց" 1-ը երեքի հարաբերակցությամբ փոխանակելու մասին։ Դա էր այն բանի հիմքը, որ այդ գազատարը կառուցվում է, որ այն դատարկ չի մնալու, որ այն օգտագործվելու է։ Որևէ այլ հետաքրքրություն վրացական կողմից կամ որևէ այլ կողմից չի եղել։ Երբեմն ասում են, որ պայմանավորվածություն է եղել ավելի մեծ շառավղով գազատար կառուցել, ինչը բացարձակ սուտ է, քանի որ պայմանագրով նախատեսված այլ ծավալներ մենք չենք ունեցել", - եզրափակել է Քոչարյանը։
Հիշեցնենք, որ Իրան-Հայաստան գազատարը շահագործման է հանձնվել 2007 թվականին։ Հայաստան արտահանվող գազը վերամշակվում է էլեկտրաէներգիայի, որը մատակարարվում է Իրան՝ 3 կվտ/ժամ 1 խորանարդ մետր բնական գազի դիմաց հաշվարկով: -0-