Չորեքշաբթի, 21 Մայիսի 2025 11:46
Նաիրա Բադալյան

Մինչեւ 2030 թվականը Հայաստանը ծրագրում է զբոսաշրջության ոլորտի եկամուտը հասցնել մինչեւ տարեկան 3 մլրդ դոլարի

Մինչեւ 2030 թվականը Հայաստանը ծրագրում է զբոսաշրջության ոլորտի եկամուտը հասցնել մինչեւ տարեկան 3 մլրդ դոլարի

Արմինֆո. Մինչև 2030 թվականը Հայաստանը նախատեսում է տարեկան միջազգային զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել մինչեւ 10 տոկոսի: Դրա արդյունքում ակնկալվում է տարեկան եկամուտն ավելացնել մինչեւ 3 մլրդ դոլար։ Այդ մասին ասվում է ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026-2030թթ. ռազմավարական ծրագրում և դրա իրականացումն ապահովող գործողությունների ծրագրում, որը հրապարակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից՝ իրավական ակտերի միասնական պորտալում:

 

Ինչպես ասվում է փաստաթղթի հիմնաավորման մեջ, Ռազմավարական ծրագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից, զբոսաշրջության ոլորտի զարգացման տեսլականից ու Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններից բխող ոլորտի զարգացման գերակայությունները, վերջիններիս հասնելու արդյունավետ ճանապարհը, ինչպես նաև առկա մարտահրավերներին արձագանքելու ուղիները։Ռազմավարական ծրագրով ամրագրված են զբոսաշրջության ոլորտի զարգացման տեսլականն ու նպատակները, որոնցից բխում են վերջինիս գործողությունների ծրագիրը՝ նախանշելով բարեփոխումներից ակնկալվող արդյունքները և ազդեցությունը տնտեսության և հասարակության վրա։

 

Նշվում է, որ ռազմավարական ծրագրի առկայությունը հնարավորություն է տալիս համակարգել և լուծում տալ մի շարք այնպիսի խնդիրների, որոնք անմիջականորեն կապված են զբոսաշրջիկների, նրանց փորձառությունների, մատուցվող ծառայությունների հետ, սակայն նմանատիպ խնդիրների լուծումը կախված չէ զբոսաշրջության բնագավառի պետական լիազոր մարմնից։ Նմանատիպ խնդիրներից են դեպի զբոսաշրջավայրեր տանող ճանապարհների բարելավումը, մաքրության ապահովումը, զբոսաշրջիկների կարիքների բավարարմանն ուղղված ենթակառուցվածքների ապահովումը (այդ թվում՝ սանհանգույցների) և այլն։

 

Ռազմավարությունը ուղենիշային փաստաթուղթ է համարվելու առաջիկա 5 տարիների գործունեության համար, ապահովելու է զբոսաշրջության բնագավառում պետական ծրագրերի իրականացման, ինստիտուցիոնալ բարեփոխումների, ենթակառուցվածքների բարելավման համակարգվածությունը։

 

Ակնկալվում է, որ ընդունված փոփոխությունները և լրացումները նպաստելու են քաղաքացիների սպառողական իրավունքների պաշտպանությանը, զբոսաշրջային գործունեության ծառայություններին և սուբյեկտերին ներկայացվող պահանջների հստակեցմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանը և այլն:

 

Ռազմավարական ծրագրով սահմանված են այն բոլոր միջոցառումները, որոնցից առաջիկա 5 տարիների ընթացքում բխելու են պետական աջակցության կամ այլ ծրագրերը։ Պետական աջակցության ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումների համար 2022թ․ ծախսվել է շուրջ 165 միլիոն ՀՀ դրամ,  2023թ․` 1 միլիարդ ՀՀ դրամ, իսկ 2024թ․ համար նախատեսված է 1,5 միլիարդ դրամ, 2025 թվականին նյուջեն նվազել է՝ հասնելով 800 միլիոնի և, հաշվի առնելով հետագա տարիների ընթացքում նախատեսվող միջոցառումների ծավալի մեծացումը, պետական բյուջեից տրամադրվող գումարը հետագա տարիներին կունենա աճողական բնույթ՝ կապված տարեկան ծրագրերի շրջանակում մարկետինգային միջոցառումների ծավալի ավելացման հետ։

 

Ծրագրային միջոցառումները հիմնականում վերաբերում են ակտիվ մարքեթինգային քաղաքականության իրականացմանը, համայնքային ռեսուրսների հիման վրա զբոսաշրջային արդյունքի բազմազանեցմանը, զբոսաշրջային ենթակառուցվածքների և կարողությունների զարգացման աջակցությանը, զբոսաշրջության բնագավառում ներդրումների ներգրավմանը, միջազգային համագործակցության զարգացմանը, վիճակագրական համակարգի կատարելագործմանը, ծառայությունների որակի բարելավմանը, ոլորտում բիզնես նախաձեռնություններին աջակցությանը, զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների (DMO-ների) և զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների գործունեությանը աջակցությանը։ Մեծ ուշադրություն է դարձվելու Հայաստանի զբոսաշրջային գրավչության վերականգնման մարկետինգային միջոցառումների իրականացմանը։

 

Ծրագրի շրջանակում կիրականացվեն Ռազմավարական ծրագրի նախագծով նախատեսված միջազգային լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների կրթական բազայով Հայաստանում մասնագիտական գործունեություն իրականացնող անձանց աջակցության միջոցառումներ, որոնց արդյունքում կապահովվեն մարդկային ռեսուրսների զարացմանը, ինչպես նաև՝ զբոսաշրջության բնագավառում մասնավոր և պետական համակարգի կարիքներին աջակցությանն ուղղված քայլերը։  

 

2026թ․-ից կգործարկի Ռազմավարությամբ նախատեսված Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ծրագիրը, որի շրջանակում նախատեսված է 5 միլիարդ դրամի ֆինանսավորում (հետագա տարիներին կունենա աճողական բնույթ, այդ թվում՝ Համաշխարհային բանկի համաֆինանսավորումը)։

 

«2023թ․ Հայաստան միջազգային զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 2․3 միլիոն, աճը 2022 թվականի համեմատ (1665,7 հազար զբոսաշրջային այցելու)՝ շուրջ 39 %: 2024 թվականին զբոսաշրջային այցելությունների ընդհանուր քանակը կազմել է 2.208.179՝ 2023 թվականի համեմատ նվազելով 4,7%-ով։ Նվազման միտումը շարունակվում է նաև 2025 թվականին։ Ուստի Ռազմավարական ծրագիրը նաև կնպաստի այցելությունների վերականգնմանը», - նշում են նախագծի հեղինակները։

 

Մինչև 2030 թվականը նախատեսվում է Հայաստանի գրավչության բարձրացման միջոցով միջազգային զբոսաշրջիկների այցելությունների թվի ավելացում տարեկան մինչև 10 տոկոսով՝ 2030 թվականին միջազգային այցելությունների թիվը հասցնելով շուրջ 3 միլիոնի, ինչի արդյունքում նախատեսվում է ստացված եկամուտների ավելացում տարեկան մինչև 3 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով։

 

Ինչպես ընդգծել են Էկոնոմիկայի նախարարությունում, զբոսաշրջային հոսքերի ավելացմանն ուղղված կանխատեսումները կիրականանան հետևյալ ռազմավարական քայլերի ապահովման դեպքում. ենթակառուցվածքների բարելավում, ներդրումների ներգրավում, նախատեսվող ակտիվ մարքեթինգային միջոցառումների իրականացում, ծառայությունների որակի ապահովում, մարդկային ռեսուրսների զարգացում, միջազգային համագործակցության ակտիվացում, նոր ուղղություններով չվերթների գործարկում, հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացում։