Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակել է հետվճարի մեխանիզմի ներդրման միջոցով զբոսաշրջության ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին աջակցության ծրագիր: Նախագիծը զետեղված է իրավական ակտերի միասնական պորտալում:
Ինչպես ասվում է փաստաթղթի հիմնավորման մեջ, ներկայիս բարդ տնտեսական պայմաններում զբոսաշրջության ոլորտի տնտեսավարողները հանդիպում են տարբեր մարտահրավերների՝ պայմանավորված հարկային բեռի աճով, ընդհանուր գնաճով, շրջանառության հարկի կրկնապատկմամբ, ինչպես նաև ՀՀ դրամի արժևորմամբ, ինչի հետևանքով զբոսաշրջային փաթեթների արժեքը բարձրացել է շուրջ 50%-ով։ Բացի այդ՝ ըստ վերոհիշյալ խնդիրների, կարևոր է նշել, որ ներգնա զբոսաշրջային փաթեթներ առաջարկող սուբյեկտներն ազատված են ԱԱՀ-ից, սակայն հաշվանցման հնարավորության բացակայությունն ամբողջությամբ չի ապահովում արդարացի հարկային քաղաքակաության իրականացումը։
Այս ամենը, անշուշտ, բացասաբար է ազդել Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային արդյունքի մրցունակության վրա, ինչը հաստատվում է վիճակագրական տվյալներով։ Արդյունքում՝ ՀՀ ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը նվազում է։ Համաձայն վիճակագրական տվյալների՝ 2023 թվականին ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է ավելի քան 2.3 միլիոն, իսկ 2024 թվականի ընթացքում, 2023 թվականի համեմատ, այս թիվը նվազել է՝ հասնելով շուրջ 2.2 միլիոնի։
2024 թվականին գրանցված ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը հունվար-մարտ ամիսներին կազմել է 435,775 զբոսաշրջիկ, իսկ ահա 2025 թվականին նույն ժամանակահատվածում նվազելով մոտ 12.08% կազմել է՝ 383,127 զբոսաշրջիկ։
Զբոսաշրջության ոլորտում հետվճարի մեխանիզմը կիրարկվելու է հետևյալ պայմաններով. եթե զբոսաշրջիկները մեկ օրացուցային օրվա ընթացքում ձեռք են բերել տվյալ զբոսաշրջային ծառայությունը մատուցողից առնվազն 30,000 դրամի արժեքով ծառայություններ (ներառյալ ԱԱՀ), կամ զբոսաշրջիկների կողմից մեկ այլ ծառայություն մատուցողից ձեռք բերված ծառայությունների ընդհանուր արժեքը կազմում է առնվազն 150,000 դրամ, կամ եթե զբոսաշրջիկը ձեռք է բերել զբոսաշրջային փաթեթ, որի արժեքը կազմում է առնվազն 200,000 դրամ։ - Եթե զբոսաշրջիկը ՀՀ-ում անցկացրել է առնվազն հինգ գիշերակաց։ - Եթե զբոսաշրջիկը ծառայությունները ձեռք է բերել Հայաստանի Հանրապետությունից մեկնելուց առնվազն 10 օր առաջ։ - Օժանդակությունը չի տրամադրվում, եթե զբոսաշրջիկը ձեռք է բերել ծառայություն, որի դիմաց սույն ծրագրի շրջանակում նախատեսված փոխհատուցման գումարը պակաս է 15,000 դրամից։ - Զբոսաշրջիկին փոխհատուցման ենթակա գումարների ընդհանուր չափը չի կարող գերազանցել 20,000 դրամը, եթե նա ձեռք է բերել առանձին ծառայություններ, և չի կարող գերազանցել 30,000 դրամը, եթե ծառայությունները ձեռք է բերվել զբոսաշրջային փաթեթի շրջանակում։
Ինչպես կարծում են Էկոնոմիկայի նախարարությունում, կողմնորոշվելով 2023-2024 թվականներին զբոսաշրջիկների թվով, պետական բյուջեից վերադարձը կկզամի առավելագույնը՝ 1,4 մլրդ դրամ, ինչը կազմում է փաթեթով զբոսաշրջիկներից ստացված եկամուտի առավելագույնը 3,5%-ը։