Արմինֆո.ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, առաջարկում է մինչև 2029 թվականի փետրվարի 1-ը երկարաձգել "Հայաստանի էլեկտրական ցանցեր" փակ բաժնետիրական ընկերության կողմից երաշխավորված էլեկտրաէներգիայի մատակարարի գործունեություն իրականացնելու իրավունքը: Համապատասխան նախաձեռնությունը հրապարակվել է իրավական ակտերի միասնական պորտալում:
Ինչպես ասվում է փաստաթղթի հիմնավորման մեջ, 2018 թվականի փետրվարի 7-ին ընդունված «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» №ՀՕ-100-Ն օրենքով (ուժի մեջ է մտել 2018 թվականի հուլիսի 1-ին), ի թիվս էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ազատականացմանն ուղղված այլ մեծածավալ բարեփոխումների, որպես ոլորտում գործունեության առանձին տեսակ, նախատեսվել է էլեկտրաէներգիայի երաշխավորված մատակարարումը, ինչն էլեկտրաէներգիայի մատակարարումն է բոլոր այն սպառողներին, որոնք չեն օգտվում այլ մատակարարի ծառայությունից, կամ որոնց ընտրած մատակարարի կողմից էլեկտրաէներգիայի մատակարարում չի իրականացվում՝ սպառողից անկախ պատճառներով:
Նույն օրենքով նաև ամրագրվել է, որ օրենքն ուժի մեջ մտնելու պահից էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին (որպիսին հանդիսանում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն) յոթ տարի ժամկետով տրվում է լիցենզիայով սահմանված տարածքում երաշխավորված մատակարարի կարգավիճակ: Նշված ժամկետը լրանալուց հետո ՀՀ ողջ տարածքում էլեկտրաէներգիայի մատակարարման երաշխավորված ծառայության ապահովման համար անհրաժեշտ միջոցառումները մշակվում ու իրագործվում են համաձայն Կառավարության հաստատած ծրագրի:
Հիշյալ իրավակարգավորման հիման վրա՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին տրամադրվել է Էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման լիցենզիա՝ մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը գործողության ժամկետով:
Միաժամանակ, ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ՀՀ-ի ստանձնած՝ էներգետիկայի բնագավառի Հայաստանի օրենսդրությունը ԵՄ օրենսդրությանը համապատասխանեցնելու հանձնառության շրջանակում մշակվել և ներկայումս քննարկման փուլում է գտնվում «Էլեկտրաէներգետիկայի մասին» օրենքի նախագիծը, որով ԵՄ օրենսդրությանը համահունչ սահմանվում են էլեկտրաէներգետիկայի բնագավառում գործունեության իրականացման առավել արդյունավետ և շուկայահեն մեխանիզմներ ու կառուցակարգեր, որոնք առնչվելու են նաև էլեկտրաէներգիայի երաշխավորված մատակարարման գործունեության կանոնակարգմանը:
Նշված քննարկումների արդյունքում միայն, ըստ էության, հնարավոր կլինի որոշել ինչպես ողջ բնագավառի, այնպես էլ հիշյալ գործունեության հետագա կանոնակարգման առնչությամբ պետական հստակ քաղաքականությունը:
«Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է մինչև 2029թ․ փետրվարի 1-ը երկարաձգել էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի՝ երաշխավորված մատակարարի գործունեության իրականացման իրավունքը, ինչը հնարավորություն կտա ապահովել մեծաթիվ սպառողների անխափան էլեկտրամատակարարումը հիշյալ գործունեությունը ներկայումս իրականացնող մասագիտացված ընկերության կողմից՝ մինչև հնարավորին անցնցում ու սահուն անցումը նոր կանոնակարգումներին:
"Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ն ստեղծվել է 2002թ.մայիսին էլեկտրաէներգիայի բաշխման և իրացման չորս պետական տարածաշրջանային ընկերությունների' "Երևանի էլեկտրական ցանցերի", "Հյուսիսային էլեկտրական ցանցերի", "Հարավային էլեկտրական ցանցերի" և "Կենտրոնական էլեկտրական ցանցերի" միաձուլման արդյունքում: Ընկերության հիմնական գործունեությունը էլեկտրաէներգիայի կարգավորվող բաշխումն ու իրացումն է: Ցանցերի ընդհանուր երկարությունը կազմում է 36 հազար կմ: Ընկերությունը սպասարկում է ավելի քան 1 միլիոն սպառողի: