
Արմինֆո. 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 992.2 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 14.9% - ով կամ 128.8 մլրդ դրամով: Այդ մասին ասվում է ՀՀ ֆինանսների նախարարության 2025 թվականի պետական բյուջեի 4 ամիսների կատարման մասին տեղեկագրում։
Ըստ աղբյուրի՝ 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 931.3 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն ավելացել են 14 տոկոսով կամ 114.2 մլրդ դրամով:
Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեն կատարվել է 60.9 մլրդ դրամի հավելուրդով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 46.3 մլրդ դրամի դիմաց:
2025 թվականի պետբյուջեի համաձայն ՝ ընթացիկ տարում ակնկալվում է ՀՆԱ-ի 5.1% աճ։ Եկամուտները կկազմեն 2 տրլն 873.6 մլրդ դրամ, որից 2 տրլն 720.3 մլրդ դրամը հարկային մուտքերն են և պետական տուրքը: Ծախսերը կանխատեսվում են 3 տրլն 441.6 մլրդ դրամի չափով, որից ընթացիկ ծախսերի գծով կհատկացվի 2 տրլն 706.8 մլրդ դրամ: