Արմինֆո. Հայաստանի կառավարությունը՝ ի դեմս Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, առաջարկում է 1 000 000 դրամ միանվագ դրամական վճար սահմանել 100 տարին լրացած կենսաթոշակառուներին: Այդ մասին ասվում է իրավական ակտերի միասնական պորտալում հրապարակված փաստաթղթում։
Ներկայացված նախագծի հիմնավորման համաձայն, նախագծի նպատակն է 100 տարին լրացած և կենսաթոշակի կամ ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնողի դեպքում նպաստի (այսուհետ՝ նպաստ) իրավունք ունեցող անձանց, որպես կատարած աշխատանքի և նվիրվածության համար շնորհակալություն, տրամադրել կենսաթոշակի (նպաստի) միանվագ հավելում՝ 1000000 դրամի չափով։
Գործող իրավակարգավումների շրջանակներում 100 տարեկանը լրանալու հանգամանքով պայմանավորված որևէ հավելում կենսաթոշակին կամ նպաստին չի տրվում։ Այս առումով հարկ է նկատի ունենալ, որ Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքում հաշվառված 100 տարին լրացած բոլոր տարեցներն տրամադրվել է 1.000.000 դրամ աջակցություն՝ որպես շնորհակալություն նրանց ողջ կյանքի ընթացքում աշխատանքի, նվիրվածության և հանրության մեջ թողած արժեքավոր ներդրման համար։
Այս տեսակետից, մայրաքաղաքում չհաշվառված, սակայն 100 տարին լրացած կենսաթոշակառուները և նպաստառուները դուրս են մնացել ծրագրից։ 100 տարին լրացած անձանց ունեցած վաստակի դիմաց հավասար մոտեցում ցուցաբերելու նպատակով մշակվել է ներկայացված նախագիծը։
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ՝
կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունք ունեցող անձի 100 տարին լրանալու օրվան հաջորդող ամսվա կենսաթոշակի (նպաստի) հետ միաժամանակ վճարվում է միանվագ հավելում՝ 1000000 դրամի չափով;
միանվագ հավելումը (այդ թվում՝ միանվագ հավելման չվճարված գումարը) վճարվելու է բացառապես անկանխիկ եղանակով՝ կենսաթոշակը (նպաստը) անկանխիկ եղանակով վճարման համար սահմանված կարգով;
եթե 100 տարին լրացած անձը կենսաթոշակը (նպաստը) ստանում է կանխիկ եղանակով, ապա 1000000 դրամ հավելումը նրան կվճարվի կենսաթոշակի (նպաստի) վճարման եղանակը փոխելու (անկանխիկ եղանակով ստանալու) դեպքում;
որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ արդեն 100 տարին լրացած, կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունք ունեցող և այն անկանխիկ եղանակով ստացող անձին 1000000 դրամի չափով միանվագ հավելումը վճարվելու է կենսաթոշակի և նպաստի՝ 2025 թվականի առաջիկա ամսվա վճարման ցուցակներով։ Իսկ եթե 100 տարին լրացած անձը կենսաթոշակը (նպաստը) ստանում է կանխիկ եղանակով, ապա հավելումը կվճարվի վճարման եղանակը փոխելուց հետո;
միանվագ հավելում չի տրվելու այն անձանց, ովքեր Երևանի ավագանու որոշմամբ արդեն իսկ ստացել են 1000000 դրամ աջակցություն (այդ անձանց տվյալները տրամադրվելու են Երևանի քաղաքապետարանի կողմից)։
Որոշման նախագծում, սակայն, չի նշվում դարի սահմանագիծը հատած թոշակառուների թիվը։