
Արմինֆո. Վրաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլին հունիսի 6-ին կժամանի Հայաստան: Այդ մասին լրագրողներին հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, նշելով, որ այցի օրակարգում հայկական բեռնափոխադրողներին առնչվող իրավիճակի լուծումն է, որոնք մեկ ամսից ավելի կանգնած են վրացական Գեզի տերմինալում՝ առանց որեւէ բացատրության եւ հիմնավորման: Վերջիններս կոնյակի արտադրանք էին փոխադրում Ռուսաստան և Բելառուս՝ Վրաստանի տարանցիկ տարածքով։ Պապոյանը նշել է, որ ինքն անձամբ էր ծրագրել այցելել Վրաստան՝ ստեղծված իրավիճակը լուծելու համար, սակայն վրացական կողմն այդ նախաձեռնությունը վերցրել է իր վրա, տեղեկացնելով, որ Վրաստանի գյուղատնտեսության նախարարը մեր երկիր կայցելի լուծումների փաթեթով:
"Եվ ես հույս ունեմ, որ մենք իրավիճակից ելք կգտնենք, քանի որ այն, ինչ տեղի է ունենում, բավականին վտանգավոր է մեր գործարարների, խաղողագործների, կոնյակ արտադրողների համար։ Ես՝ ինքս, հակված եմ այդ օրը տարբեր ձևաչափերով հանդիպումներ կազմակերպել և աշխատասենյակում այնքան ժամանակ անցկացնել, մինչև լուծում գտնվի", - ասել է նա։
Ընդ որում, նախարարը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք վրացական կողմի դիրքորոշումը քաղաքական ենթատեքստ ունի: <Ես չեմ ուզում նման հարցի պատասխանել, որովհետև եթե մեր նպատակը խնդրի լուծումն է, չեմ կարծում, որ տեղին կլինի իմ կողմից որևէ գնահատական տալ: Կարծում եմ, որ խնդիրը լուծելու հնարավորություն կա, և մենք մտադիր ենք անել հնարավորինը դրա համար", - ասել է Պապոյանը։
Միաժամանակ նախարարին խնդրել են մեկնաբանել Հայաստանից Ռուսաստան ծաղիկների առաքման արգելքին առնչվող իրավիճակը, ինչի մասին երեկ տեղեկատվություն էր տարածվել ԶԼՄ-ներում, սակայն նա նշել է, որ ինքը նման տեղեկություններ դեռ չի ստացել:
Հիշեցնենք, որ ավելի քան մեկ ամիս Հայաստանի ալկոհոլային խմիչքներ արտահանողները կանգնած են Վրաստանի Գեզի տերմինալում։ Առանց որևէ հիմնավորման, պարզաբանման Վրաստանի կարգավորող մարմինները բացում են հայ բեռնափոխադրողների մաքսային կապարակնիքները, վերցնում են արտադրանքի նմուշներ լաբորատոր փորձաքննություն անցկացնելու համար՝ առանց դրա համար պատշաճ փաստաթղթեր ներկայացնելու։ Իսկ այդ հետազոտությունների արդյունքներն ուշանում են օրեր ու շաբաթներ ՝ առանց որևէ բացատրության։ Վրացական կողմի գործողությունները կարելի էր հասկանալ, եթե հայկական բեռները մատակարարվեին Վրաստանի շուկա, սակայն այդ երկիրն, ընդամենը, տարանցիկ տարածք է հայ բեռնափոխադրողների համար, եւ, Առեւտրի համաշխարհային կազմակերպության նորմերի համաձայն, ինչպես ավելի վաղ նշել էին արտահանողները, տարանցիկ երկիրն իրավունք չունի պահել բեռները լաբորատոր փորձաքննության անցկացման համար: Իրավիճակի առնչությամբ երեկ տուժած ձեռնարկությունները ("Արարատ" գինու գործարան, "Շահնազարյան" գինու-կոնյակի տուն, "Ալկո Ալյանս", "Վան777", "Արագած" գինու գործարան, "Արկոն Թրեյդ", Աբովյանի կոնյակի գործարան, "Սամկոն", "Պռոշյանի կոնյակի գործարան" և "Նացիոնալ Ալկո") պաշտոնական նամակներ են ուղարկել մի շարք միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական Բանկ, ՄԱԿ, Եվրասիական զարգացման բանկ, Առևտրի համաշխարհային կազմակերպություն, ինչպես նաև Հայաստանում ՌԴ դեսպանատուն, ՀՀ Ազգային ժողով, ՀՀ ԱԳՆ, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն:
Այդ ամենին նախորդել են մի շարք բողոքի ակցիաներ ՀՀ կառավարության շենքի, ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան մոտ։ Հատկանշական է, որ Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունում տեղի ունեցած հանդիպումից հետո արտահանողներին խորհուրդ էին տվել դատի տալ վրացական կողմին։